Մատչելիության հղումներ

«Հանձնառություն ունենք 2023-ի համար էլ ապահովել 7 տոկոս տնտեսական աճ»․ Փաշինյան


2022-ի սեպտեմբերին Հայաստանում արձանագրվել է 14,6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով՝ 0,7 տոկոսի անկում են ունեցել միայն գյուղատնտեսական արտադրանքի ոլորտում։

2022-ի հունվար-սեպտեմբերին 2021-ի հունվար-սեպտեմբերի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 14,1 տոկոսով, ասաց վարչապետը, որոշ մանրամասներ ներկայացնելով։ Ըստ այդմ՝ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 10 տոկոսով, շինարարության ծավալը՝ 14,3, առևտրի շրջանառությունը՝ 14,5, ծառայությունների ծավալը՝ 27,1, էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը՝ 16,9 տոկոսով, արտահանումն աճել է 63,8 տոկոսով, ներմուծումը՝ 61,6 տոկոսով։

«Եթե այս տարվա հետ կապված լավատեսական կանխատեսումներն իրականություն դառնան, մենք կարող ենք ասել, որ 2019 թվականին մենք ավելի քան 7 տոկոս տնտեսական աճ ենք ապահովել, և եթե այս տարվա լավատեսական կանխատեսումները իրականություն դառնան, կստացվի որ միջումում 2019, 2020, 2021, 2022 թվականներին 7 տոկոսանոց աճի տեմպը պահպանել ենք, ինչը մեզ համար շատ կարևոր նշաձող է, որը որ մենք պետք է կարողանանք պահպանել», -ասաց գործադիրի ղեկավարը՝ նշելով իրենց հանձնառությունն է 2023-ի համար էլ ապահովել 7 տոկոս տնտեսական աճ։

Մինչ իշխանությունները հպարտությամբ հայտարարում են տարվա առաջին ինն ամիսների ընթացքում ավելի քան 14 տոկոսանոց տնտեսական աճի մասին՝ սա մեծ հաջողություն համարելով, քաղաքացիները պնդում են, որ իրենց կյանքը վատթարանում է։

Տնտեսագետների համոզմամբ, այս ցուցանիշները մեծապես արտաքին գործոններով են պայմանավորված, կառավարությունն անցած տարի նույնիսկ երազել չէր կարող սրա մասին։

XS
SM
MD
LG