Մատչելիության հղումներ

Կառավարությունը նվազագույն կենսաթոշակը բարձրացրեց՝ հասցնելով 31 հազար 600 դրամի


Կառավարության օգոստոսի 24-ի որոշմամբ, սեպտեմբերի 1-ից թոշակները թեև առնվազն 3 հազար դրամով բարձրացան, սակայն գործող բանաձևով, ինչպես աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր պարզաբանեց, շահառուների մի խմբի համար բարձրացումը եղավ ավելի քիչ՝ 1900 կամ 2500 դրամով։

Խնդիրը լուծելու համար, կառավարության նիստում նախարարն ասաց, որոշել են բարձրացնել նվազագույն կենսաթոշակի չափը՝ հասցնելով այն 31 հազար 600 դրամի, որն էլ կերաշխավորի, որ բոլոր կենսաթոշակառուները սեպտեմբերի 1-ից կստատան խոստացված 3 հազար դրամը։

Նախագծի ընդունման արդյունքում, ըստ Մկրտչյանի, 16 հազար 600 կենսաթոշակառուների, 5 հազար 186 զինկենսաթոշակառուների և 75 հազար նպաստառուների համար սեպտեմբերի 1-ից կավելանան կենսաթոշակներն ու նպաստները։

«Այսինքն՝ մինչև այս որոշումը այն խմբի համար, որ սահմանված օրենքով և բանաձևով 1900 դրամ էր բարձրացել, կամ 2500 դրամ, այդ մնացած հատվածը հոկտեմբերի կենսաթոշակի հետ կստանա։ Այս 75 հազար նպաստառուները ծերության նպաստ ստացողներն են, որոնք ոչ թե կենսաթոշակների մասին օրենքով է իրենց թոշակը բարձրանում, այլ նպաստառուների մասին օրենքով, հետևաբար մենք որոշեցինք, որ իրենց նապաստը բարձրացնենք, որպեսզի նվազագույն կենսաթոշակի չափին լինի։ Ընդհանուր առմամբ, 97 հազար շահառուի համար սեպտեմբերի 1-ից կավելանան կենսաթոշակն ու նպաստը, որը որ կստանան հոկտեմբեր ամսվա թոշակի հետ միասին»,- ասաց Մկրտչյանը։

Սեպտեմբերի 1-ից բազային կենսաթոշակի չափը սահմանվեց 21 հազար դրամ 18 հազարի փոխարեն, իսկ նվազագույն կեսաթոշակի չափը 30 հազար 500 դրամ 28 հազար 600 դրամի փոխարեն։ Այսպիսով՝ սննդամթերքի գրեթե 14 տոկոսանոց գնաճի պայմաններում թոշակներն ու նպաստներն ավելացան 8 տոկոսով։ Գործադիրն ավելի վաղ խոստացել էր, որ թոշակները կբարձրացնեն առնվազն գնաճի չափով, սակայն այժմ փաստորեն այդ խնդիրը չի լուծվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG