Մատչելիության հղումներ

Սննդամթերքի գրեթե 14 տոկոսանոց գնաճի պայմաններում թոշակներն ու նպաստները կավելանան 7 տոկոսով


Հաջորդ ամսվանից կենսաթոշակը կավելանա շուրջ 3100 դրամով։ Օրինակ, 36 հազար դրամ թոշակ ստացողը սեպտեմբերին մոտ 39100 դրամ կստանա։ Կառավարությունն այսօր որոշեց ավելացնել թոշակները և նպաստները։

65 -ամյա Էմիլյա Ղուկասյանին կենսաթոշակի շուրջ 3100 դրամով ավելանալու լուրն առանձնապես չի ոգևորել։ Կինը 30 հազար դրամ թոշակ է ստանում։ Ասում է՝ սա ոչ մի խնդիր էլ չի լուծի. - «Լավ կլիներ, որ մի քիչ ավելի շատ բարձրացնեին, մենք էլ մեզ մարդ զգայինք։ Ոնց որ արհամարհված վիճակ լինի... Ընտանիքում տղաս ա միայն աշխատում, հարմարվում ենք մի կերպ»։

Բարձր գնաճի, սոցիալական բազմաթիվ խնդիրների այս շրջանում կառավարությունն այսօր որոշեց հաջորդ ամսվանից միջինում շուրջ 3100 դրամով ավելացնել կենսաթոշակը։ Սեպտեմբերին տիկին Էմիլյան ու Հայաստանի մյուս բոլոր թոշակառուները ավելի շատ գումար կստանան։

Գործադիրի որոշմամբ մեկ շաբաթից զինվորականների կենսաթոշակը կավելանա 5200 դրամով, իսկ ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում վճարվող նպաստների չափերը բարձրացվում են մոտ 2000 դրամով։

Կառավարությունն ի սկզբանե նախատեսել էր թոշակներն ու նպաստներն ավելացնել հաջորդ տարվանից, սակայն, հաշվի առնելով հարկային եկամուտների ավելացումը, հիմա են այդ քայլին գնում, մանրամասնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը. - ««Ընդամենը մի բան ա փոխվել. հունվարի 1-ը առաջ բերեցինք սեպտեմբերի 1, և մեր պլանը էն է, որ հաջորդ էսպիսի որոշումը կենսաթոշակների բարձրացման կկայացնենք... բարձրացումը տեղի կունենա 2023 թվականի հուլիսի1-ից»։

Արդյո՞ք թոշակների շուրջ 7 տոկոսով ավելացումը կբարելավի տարեց քաղաքացիների սոցիալական վիճակը՝ հաշվի առնելով, որ մեկ տարվա ընթացքում սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքները թանկացել են գրեթե 14 տոկոսով։

Գործադիրն ավելի վաղ խոստացել էր, որ թոշակները կբարձրացնեն առնվազն գնաճի չափով, սակայն այժմ փաստորեն այդ խնդիրը չի լուծվում։

«Էդ որ բարձրացրեց, ապրանքն էլ թանկացրել ա։ Էտի հարցի լուծում չի», - ասում է 80-ամյա Յուրիկ Հարությունյանը։

Նա նույնպես 30 հազար դրամ է ստանում։ Չի թաքցնում, որ եթե արտերկրից չօգնեն, ապրել չեն կարողանա. - «Ստեղ որ մնանք, չօգնեն դրսից, սովամահ կըլնեն մեր ժողովուրդը։ Մեղկ ենք»։

Կառավարությունը հայտարարում է, թե թոշակառուների սոցիալական խնդիրների լուծմանը կնպաստի նաև քեշբեքի՝ գումարի վերադարձի ծրագիրը։ Հուլիսի 1-ից գործող այս նորամուծությամբ թոշակառուները անկանխիկ գնումներ անելիս ծախսած գումարի 10 տոկոսը, առավելագույնը 5 հազար դրամ, հետ պիտի ստանան։ Գումարի տրամադրումն այսօրվանից սկսվել է։

Նարեկ Մկրտչյան
Նարեկ Մկրտչյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ծրագրի առաջին արդյունքները ներկայացրեց։ Քեշբեքի իրավունք ունեցող շուրջ 400 հազար թոշակառուներից ծրագրից առայժմ օգտվել է միայն 17 հազարը, կամ մոտ 4,5 տոկոսը. - «Ըստ էության, 44 միլիոն դրամի ընդհանուր հետվճար մենք այսօր և վաղը քաղաքացիներին կտրամադրենք։ Միջինում սա կազմում է 2 հազար 600 դրամ մի կենսաթոշակառուին։ Բայց էնտեղ դեպքեր կան, երբ որ իրենք հենց մաքսիմալ հետվճար են ստանալու, այսինքն՝ ունենք, եթե չեմ սխալվում, երկու հազարին մոտ մարդիկ, որոնք հիսուն հազար դրամի շրջանակում մինչև առևտուր են արել և մաքսիմալ հետվճար կստանան»։

Իսկ հասանելի՞ են արդյոք անկանխիկ վճարումները քաղաքներից դուրս, որպեսզի գյուղական համայնքներում ապրող թոշակառուներն էլ կարողանան օգտվել այս ծրագրից։ «Ազատության» վերջին շրջայցերը ցույց տվեցին, որ կան բնակավայրեր, որտեղ գեթ մեկ անկանխիկ վճարում ընդունող խանութ չկա։ Բազմաթիվ համայքներում նույնիսկ բանկոմատներ չկան։

«Հիմնական խնդիրն այն է, որ նույնիսկ ամենահեռավոր գյուղում ապրող թոշակառուն հնարավորություն ունենա էս ծառայությունից օգտվել», - նշեց Նիկոլ Փաշինյանը։

Բոլոր թոշակառուների համար կենսաթոշակը վերջին անգամ միջինում 10 տոկոսով բարձրացվել էր երկու տարի առաջ։ Իսկ նվազագույն կենսաթոշակը այս տարվա սկզբից ավելացել է 2100 դրամով և դարձել 28 հազար 600 դրամ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG