Մատչելիության հղումներ

Ըստ փորձագետների, ռուսաստանցիների ներհոսքի հերթական ալիքը կհանգեցնի նոր թանկացումների


Էլ ավելի բարձր գնաճային սպասումներ Հայաստանում. փորձագետները կանխատեսում են, որ ռուսաստանցիների ներհոսքի հերթական ալիքը կհանգեցնի նոր թանկացումների։ Մասնագետների կարծիքով՝ առաջին հերթին կաճեն տարատեսակ ծառայությունների գները։

«Առաջին հերթին պայմանավորված կլինի մարդկանց նոր ներհոսքի մասշտաբով, կախված նրանից, թե որքան մասշտաբային կլինի դա ու որքան կտրուկ տեղի կունենա: Տնտեսության ու նաև գնաճի վրա որոշակի ազդեցություններ կունենա, բնականաբար», - նշեց տնտեսագետը:

Տնտեսագետ Նարեկ Կարապետյանը հիշեցնում է՝ մարտին, երբ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով սկսվեց ռուսաստանցիների առաջին ներհոսքը Հայաստան, թանկացան անշարժ գույքը, վարձակալությունը, ծառայությունները. կարճ ասած, այն ամենը, ինչ կապված է արտասահմանցիների հետ։ Տնտեսագետն այժմ նույն սցենարի կրկնությունն է ակնկալում:

«Դեռևս չգիտենք, թե ինչպիսի մասշտաբ կունենա նոր ներհոսքը, դրա մասին ուղղակի սպասումներ կան ընթացիկ ձևավորվող իրավիճակով, անցակետերում և այլն, բայց այնուամենայնիվ, այդ ներհոսքի իրական պատկերը մենք չունենք: Այդ պատկերը տեսնելով արդեն պարզ կլինի: Այնուամենայնիվ, այո, դա նորից կարող է ծառայությունների վրա հիմնականում գնաճային ազդեցություններ ունենալ», - ընդգծեց Կարապետյանը:

Հրապարակված վերջին պաշտոնական տվյալներով՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում հաստատվել են մոտ 40 հազար ռուսաստանցիներ։ Մասնակի զորահավաքի մասին Պուտինի հայտարարությունից ժամեր անց դեպի Հայաստան և Ռուսաստանի հետ ազատ վիզային ռեժիմ ունեցող այլ երկրներ նոր ներհոսք սկսվեց՝ կտրուկ թանկացան ավիատոմսերը, հերթեր են սահմանային անցակետերում։

Առայժմ հրապարակված նոր տվյալներ չկան, թե վերջին օրերին քանի ռուսաստանցի է Հայաստան տեղափոխվել:

«Պահանջարկը ավելանում է, քանի որ ծառայությունների արտադրությունը ճկուն չի, եթե մենք, օրինակ, ապրանքների պահանջարկի ավելացման դեպքում կարող ենք արագորեն ներմուծում կազմակերպել և դրա պահանջարկն արագ կլրանա, ապա ծառայությունների դեպքում նույնը չի, նույնն է հատկապես անշարժ գույքի ծառայությունների դեպքում», - նշեց տնտեսագետը:

«Նրանք նաև պահանջարկ են ստեղծելու անշարժ գույքի շուկայում: Այսինքն՝ և՛ ստեղծելու են վճարունակ պահանջարկ պարենամթերքի ծառայությունների շուկայում, հանրային սննդի և այլն, նաև անշարժ գույքի շուկայում», - ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Պարսյանը նկատում է՝ անշարժ գույքի շուկան արդեն արձագանքում է ռուսաստանցիների հոսքի այս նոր ալիքին, բարձրանում են բնակարանների վարձակալության գները։ Հայտնի օնլայն հարթակներով անգամ մայրաքաղաքի ծայրամասերում հիմա դժվար է գտնել, օրինակ, երեք սենյականոց բնակարան 250 հազար դրամից պակաս գնով։

Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո արժևորվեց հայկական դրամը։ Դա մասնագետներն առաջին հերթին ռուսաստանցիների բերած դրամական միջոցներով էին պայմանավորում, սակայն, սեպտեմբերի 13-ից՝ սահմանային բախումներից անմիջապես հետո դրամը որոշ չափով զիջեց դիրքերը։

«Այդ օրերին կտրուկ թանկացավ դոլարը, դա պայմանավորված է նրանով, որ մարդիկ փորձում էին իրենց համար ֆինանսական բարձիկներ ստեղծել, հնարավոր պատերազմից փախչելու համար կամ իրենց կապիտալը Հայաստանից հանելու համար, բայց երբ որ արդեն ռուսական կողմից եկավ այդ մասնակի մոբիլիզացիայի լուրը, սկսեց դեպի Հայաստան դրամների հոսք», - ընդգծեց տնտեսագետը:

Թե ի՞նչ կլինի ամիսներ անց, գների վրա ազդեցությունը որքան կլինի ու ինչպե՞ս կդրսևորի իրեն հայկական արժույթը, փորձագետները չեն շտապում կանխատեսումներ անել՝ ասում են՝ սրանք կախված կլինեն մի շարք գործոններից՝ դեպի Հայաստան մարդկանց ներհոսքի ծավալներից, օտարերկրացիների այստեղ մնալու ժամանակահատվածից և այլն։

Վերջին տվյալներով՝ մեկ տարվա ընթացքում սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքը Հայաստանում թանկացել են 12.5 տոկոսով, տրանսպորտային, հանգստի կազմակերպման, ծառայությունները նույնպես ավելացել են երկնիշ թվով։ Ռեստորաններն ու հյուրանոցները իրենց ծառայությունները տրամադրում են շուրջ 8 տոկոս ավելի բարձր գներով։

XS
SM
MD
LG