ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելությունը Հայաստանում լիովին համապատասխանում է կազմակերպության մանդատին ու նպատակներին, այսօր հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով՝ առաքելության անհրաժեշտությունն առաջացել է սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո։
Միրզոյանը հույս է հայտնել, որ առաքելության գործունեությունը, դիտարկումները և ավարտական զեկույցն ադրբեջանական ագրեսիայից հետո ստեղծված իրավիճակի մասին օբյեկտիվ տեղեկատվության աղբյուր կհանդիսանան, ինչպես նաև դեր կխաղան նոր հավանական ագրեսիաների կանխարգելման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործում։
ԵԱՀԿ առաքելությանը Հայաստանում է ԵԱՀԿ-ում նախագահող Լեհաստանի ներկայացուցիչ գնդապետ Ռոբերտ Արկադիուշ Տկաչիկի գլխավորությամբ՝ Երևանի հրավերով։
Օրերս Արարատ Միրզոյանն էր հայտարարել, որ Եվրամիության դիտորդներից բացի Հայաստանում՝ Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով կարող են նաև ԵԱՀԿ-ի դիտորդներ տեղակայվել. հարցը քննարկվում է։
Ադրբեջանը հրաժարվել է քննարկել ԵԱՀԿ 2023-ի բյուջեն՝ ավելի ուշ հայտարարելով, որ առաքելությունը չունի ԵԱՀԿ մանդատ, չի կարող կապված լինել այս միջազգային կազմակերպության հետ, և դրա արդյունքներ չեն ընդունվի որպես ԵԱՀԿ փաստաթուղթ։