«Ազատություն». - Արդյո՞ք միմյանց տարածքային ամբողջականության ճանաչմամբ կլուծվի Հայաստանի տարածքային անձեռնմխելիության հարցը, եթե դրա հիմքում էլ դրվի Ալմա Աթիի հռչակագիրը։
Թորոսյան. - Միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը մեր իսկ շահերից է բխում։ Որովհտեև երբ որ չկա այդ ճանաչումը, կան հավակնություններ միմյանց տարածքների նկատմամբ։ Իհարկե այդ ամենը պիտի նաև տեղի ունենա, բացի թղթի վրա ճանաչումից, և էդ ջանքերը՝ ապահովելու այդ իրականացումը պոտենցիալ պայմանավորվածության, հենց հիմնականում դրան են ուղղված։ Որովհետև փաստացի հայտարարությունների մակարդակում առնվազն կարծես թե դա ունենք վերջին քառակողմ հանդիպումից հետո, բայց մեխանիզմները, թե դա ինչպես պետք ա տեղի ունենա, և մեր կողմից վստահությունը, որ այնուամենայնիվ դա տեղի կունենա, պետք ա դեռ հասնենք դրան։
«Ազատություն». - Պարզապես դա ոչ թե հավակնություն է տարածքի նկատմամբ, այլ արդեն իրենք Հայաստանի տարածքում են... Ուրեմն չպիտի՞ նախ էս հարցը լուծվի որպես նախապայման, հետո նոր թուղթ ստորագրվի։
Թորոսյան. - Առաջին իսկ պահից սկսած մեր ձեռքի տակ էղած բոլոր գործիքները՝ սկսած ռազմական հակահարված տալուց, վերջացրած մեր անվտանգային համակարգերը գործի դնելով և դիվանագիտական նոր, այլ խողովակներով տարածքային ամբողջականությունը պաշտպանելուն ուղղված քայլերով, արել ենք։ Եվ պետք ա շարունակաբար անենք։ Բայց իրականությունը և փորձը ցույց տվեց, որ դա այդքան էլ էֆեկտիվ չէր մինչ էս պահը, և մենք պետք ա չկանգնենք, չկանգնեցնենք պրոցեսները՝ դա որպես ինքներս մեզ համար նախապայման դնելով։ Մենք պետք ա խաղաղության պրոցեսի ընթացքում կամ վերջում, եթե դա ինչ-որ պրոցես է, որը պետք ա ստորագրվի, և դրան հաջորդեն տարբեր պրոցեսներ, խոսքը հատկապես դելիմիտացիայի մասին է, ոչ մարկացիայի, այլ հենց դելիմիտացիայի, պետք ա հասնենք նրան, որ զորքերի հետ քաշումը տեղի ունենա և խաղաղությունը հաստատվի ստորագրված համաձայնագրով։
«Ազատություն». - Ի՞նչ է սպասվում Լեռնային Ղարաբաղին, եթե արդեն պարզ է, որ խաղաղության փաստաթղթում չի հիշատակվելու հարցը։
Թորոսյան. - Առնվազն էս պահին գոյություն ունեցող անվտանգային մեխանիզմը դա ռուսական խաղաղապահ առաքելության կոնտինգենտի առկայությունն է Լեռնային Ղարաբաղում։ Մենք պետք ա ջանքեր գործադրենք կա'մ այդ մեխանիզմով ապահովելու անվտանգությունը մեր քաղաքացիների ավելի երկարատև, կա'մ այլ մեխանիզմ լինի՝ եթե այդ մեխանիզմի հարատևությունը որևէ ձև կասկածի տակ դրվի։ Կարծում եմ, որ նաև շատ հետաքրքիր և էական կլինի ուղիղ շփումը Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների և Ադրբեջանի։ Ինչքան էլ որ հիմա կարող է թվալ շատ անիրատեսական, այսքան երկարատև թշնամանքից հետո պրոդուկտիվ, բայց ես կարծում եմ, որ մենք առանց դրա չենք կարող գնալ առաջ։ Ամեն դեպքում Հայաստանի Հանրապետությունն էլ իր ունեցած գործիքակազմով պետք ա նպաստի էդ պրոցեսին, որպեսզի մեր հայրենակիցների այնտեղ ապրելու իրավունքը և անվտանգությունը հնարավորինս երաշխավորված լինի։
«Ազատություն». - Երեկ Արցախի նախագահը ոչ նպաստավոր է որակել արևմտյան առաջարկը, որը, ըստ հրապարակումների, այն է՝ կնքել խաղաղության պայմանագիրը, Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, բայց մեխանիզմ ստեղծել հայության՝ այնտեղ ապրելու, իրավունքների համար։ Չի ուզում Ղարաբաղը։
Թորոսյան. - Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության իշխանություններն են որոշում Հայաստանի ճակատագիրը ընդհանրապես։ Էկեք էդ ֆիքսենք ընդմիշտ, և չի կարելի որևէ այլ երկրի կամ տարածքի, իշխանությունների կողմից միջամտությունը Հայաստանի Հանրապետության այս դեպքում արտաքին գործերին, ոչ թե ներքին։ Բայց մեր իշխանությունները միշտ, և բազմիցս դրա մասին հայտարարվել ա, միշտ մեր արցախցի գործընկերների հետ կիսվել են ամբողջ պրոցեսով ինչ-որ տեղի ա ունենում՝ հնարավորինս մանրամասն, որպեսզի թե' լսեն կարծիքները և թե' տեղեկացնեն ապագա քայլերի մասին։ Ես կարծում եմ, որ էդպես էլ կշարունակվի, ու մենք առնվազն ակնկալում ենք, եթե մեր կողմից նման թափանցիկ գործելաոճ ա մեր հայրենակիցների նկատմամբ, նույնպիսի վերաբերմունք։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.