Եվրամիությունը մանրամասներ է հրապարակել Հայաստանում` Ադրբեջանի հետ սահմանին տեղակայվող դիտորդական առաքելության վերաբերյալ:
«Առաքելության մանդատն է դիտարկել իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի միջև ընկած սահմանային շրջաններում` նպաստելու երկու երկրների միջև վստահության ամրապնդմանը և սահմանազատման հանձնաժողովների աշխատանքներին», - հայտարարել է միության արտաքին քաղաքական գերատեսչությունը, ընդգծելով, որ դիտորդներն ուշադրության կենտրոն են պահելու կողմերի հանձնառությունը հրադադարին:
Հաղորդագրությունը նշում է, որ առաքելության կազմում լինելու է 40 դիտորդ, նրանք տեղակայվելու են Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջազգայնորեն ճանաչված սահմանի հայկական կողմում, լինելու են անզեն:
«Սա հնարավորություն կտա Եվրամիությանը առավել լավ նպաստել երկու կողմերի սահմանային հանձնաժողովների աշխատանքին: Եվրոպացի դիտորդները սահմանին տեղի ունեցողի վերաբերյալ իրենց դիտարկումները կներկայացնեն, այդ թվում` մարդու իրավունքներին առնչվող հարցերի վերաբերյալ», ֊ հայտարարել է Եվրամիությունը, միաժամանակ ընդգծելով, որ առաքելությունը հետաքննություն չի իրականացնելու, - «այն դատավճիռ կայացնողի դեր չի ստանձնելու, քաղաքական բնույթի եզրակացություններ չի անելու, այլ փոխանցելու է իրավիճակի վերաբերյալ իր դիտարկումները եվրոպական կառույցներին ու ծառայություններին»:
Միաժամանակ նշվում է, որ Ադրբեջանի տարածքում նմանատիպ առաքելություն չի տեղակայվելու:
Հաղորդագրությունը տարածելուց առաջ Եվրամիության արտգործնախարարը այսօր Բրյուսելում հայտարարել էր, թե դիտորդների տեղակայումն արդեն սկսվել է: Ժոզեպ Բորելն այդ մասին ասել էր Եվրոպական խորհրդի նիստից առաջ, որին մասնակցում են անդամ բոլոր երկրների ղեկավարները:
«Մենք մտադիր ենք այս նիստում քննարկել այդ առաքելության տեղակայմանը վերաբերող հարցեր», - հանդիպումից առաջ ասել է Եվրամիության արտաքին հարաբերությունների գնով բարձրագույն հանձնակատարը` առանց հավելյալ մանրամասների:
Առաքելության տեղակայման մասին որոշումը կայացվել էր այս ամսվա սկզբն Պրահայում` Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ու Եվրոպական խորհրդի ղեկավարների հանդիպման արդյունքում: Ըստ նախնական հաղորդումների, եվրոպացի անզեն դիտորդները Հայաստան են ժամանելու առավելագույնը երկու ամսով: