Մատչելիության հղումներ

Արայիկ Հարությունյանը վերադարձել է Ստեփանակերտ, կներկայացնի երևանյան քննարկումների մանրամասները


Երևանյան հանդիպումներից հետո Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Ստեփանակերտ։

Հարությունյանի մամուլի խոսնակն «Արցախպրես»-ին փոխանցել է, որ առաջիկա օրերին սպասվում են մի շարք հանդիպումներ, որոնց շրջանակներում կներկայացվեն հայաստանյան քննարկումների մանրամասները։

Այսօր պատվիրակության անդամները արդեն հանդիպել են Արցախի խորհրդարանական խմբակցությունների հետ, վաղն է կառավարությունը ընդլայնված նիստ կգումարվի։

Արայիկ Հարությունյանն առաջարկել է նաև առաջիկա օրերին Ազգային ժողովի նիստի ձևաչափով քննարկում ունենալ։

Հանդիպումներ են նախատեսվում նաև Արցախի Հանրային խորհրդի անդամների և հասարակության այլ խմբերի հետ, ասել է խոսնակ Լուսինե Ավանեսյանը` հավելելով, որ հանդիպումներից ու քննարկումներից հետո շաբաթվա վերջին Արայիկ Հարությունյանը հարցազրույց կտա Արցախի հանրային հեռուստատեսությանը։

Արցախցի պաշտոնյաները Երևան եկան Ստեփանակերտում մեկնարկած բողոքի հանրահավաքների ֆոնին, որոնք սկիզբ էին առել Պրահայի բանակցություններից հետո, երբ Հայաստանն ու Ադրբեջանը հանձնառություն վերցրին ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը։ Այդ դեպքում ի՞նչ է լինելու Արցախի հետ, հարցնում էին հանրահավաքի մասնակիցները։ Իսկ Հայաստանից հնչող առաջարկը՝ Ստեփանակերտ-Բաքու ուղիղ երկխոսություն սկսել, Արցախում իրատեսական չեն համարում։

Հանրահավաքների կազմակերպիչներից Տիգրան Պետրոսյանը, որ օրվա ընթացքում «Ազատությանը» փոխանցեց, թե փորձում են հանդիպում կազմակերպել պատվիրակության անդամների հետ, օրվա վերջում ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ փոխանցեց, որ ացախցի պաշտոնյաները խուսափում են իրենցից. «Հստակ պատասխաններ ենք պահանջում ու վաղը մյուս օրը չէ, էսօր ինչ քննարկել եք դուրս եկեք հայտարարեք»:

Նախագահականի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ նախագահ Արայիկ Հարությունյանն ու պատվիրակության մյուս անդամներն այսօր հանդիպել են Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչներին։ Պաշտոնական հաղորդագրության մեջ միայն ասվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծված իրավիճակում շարունակել քաղաքական խորհրդակցությունները Հայաստանի և Արցախի տարբեր կառույցների միջև։

Խորհրդարանական խմբակցությունների հետ ևս մեզ կապ հաստատել չհաջողվեց։ Անպատասխան մնացին հարցերը, թե ինչ լուծումներ է Հայաստանը առաջարկում Արցախի համար և բավարարում են դրանք Արցախին, թե ոչ։ Որոնք են լինելու Արցախի հետագա քայլերը։ Արայիկ Հարությունյանը, որ խուսափեց Երևանում լրատվամիջոցների հետ հանդիպումից, Հայաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ տեղյակ է բանակցությունների ընթացքին. «Արդեն մեզ համար ամբողջությամբ պարզ է այն հնարավոր տարբերակները ղարաբաղյան խնդրի զարգացման վերաբերյալ»:

ԱԺ նախագահի հետ հանդիպումից հետո Արցախի պատվիրակության անունից լրագրողների հարցերին պատասխանել էր արտգործնախարար Դավիթ Բաբայանը։ Թեև կողմերն ասում էին, որ գոհ էին հանդիպման արդյունքներից, բայց ճեպազրույցի ժամանակ հակադիր պատկերացումներ ներկայացրին բանակցային հետագա գործընթացի վերաբերյալ։ Բաբայանը բարձրաձայնեց իրենց առաջարկը, հնարավոր փաստաթղթում առանձին դրույթով Արցախի մասին նշում անել։ Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, մինչդեռ, հանդիպումից անմիջապես հետո ասաց, թե դա հնարավոր չէ։

«Կետը կլինի հատուկ նշված, թե այնտեղ կլինի, որ պետք է այդ հարցը հետո քննարկենք, որովհետև այդպիսի առաջարկներ էլ կան տարբեր երկրների կողմից», - ասաց Բաբայանը:

«Տարածքների մասին շեշտումը միայն կբարդացնի և միգուցե նաև առոչինչ կսարքի հնարավոր կնքվելիք պայմանագիրը», - ընդգծեց Սիմոնյանը:

Արցախից շարունակում են պնդել, քանի դեռ չեն ստացել իրենց բոլոր հարցերի պատասխանները շարունակելու են նստացույցը, որից հետո նոր միայն կորոշեն ինչ ուղղությամբ շարունակել պայքարը։

Մեկ շաբաթ Երևանում մնալուց հետո շաբաթավերջին Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը կառավարությունում ընդունել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ի տարբերություն դրանից օրեր առաջ տեղի ունեցած միայն Փաշինյան -Հարությունյան հանդիպմանը, այս անգամ վարչապետի պաշտոնական կայքում լուսանկարներ ու հաղորդագրություն տեղադրվեց:

XS
SM
MD
LG