Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում ընդունել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։ Պաշտոնական կայքում հանդիպման մասին հաղորդագրություն և լուսանկարներ չկան։ Միայն վարչապետի կուսակցության՝ «Քաղաքացիական պայմանագրի» ֆեյսբուքյան էջում է մեկ լուսանկար տեղադրվել կարճ գրությամբ, թե հանդիպումը կայացել է։
Կառավարությունից քննարկման բովանդակության մասին որևէ տեղեկություն չփոխանցելով՝ միայն ասացին՝ «նման հանդիպումները կրում են պարբերական բնույթ»։
Պրահայի բանակցություններից հետո Ստեփանակերտում մեկնարկած հանրահավաքների ֆոնին դեռ կիրակի Արցախի նախագահի խոսնակը հայտարարեց, որ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը գալիս է Երևան՝ Հայաստանի իշխանությունների հետ քննարկելու Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս հայտարարության 4 -րդ օրը միայն Փաշինյանն ընդունեց Հարությունյանին առանց պատվիրակության մյուս անդամների։ Կողմերից ոչ մեկը չի պարզաբանում, թե ինչու պատվիրակության մյուս անդամները չեն մասնակցել հանդիպմանը։
Ստեփանակերտի հանրահավաքների կազմակերպիչներից Տիգրան Պետրոսյանն ասում է՝ այսօրվա հանդիպումը որևէ կերպ չի բավարարել իրենց պահանջները. «Ի սկզբանե պատվիրակությունը գնացել է Արայիկ Հարությունյանի հետ, որովհետև մենք հայտնել ենք, որ չենք վստահում նրա խոսքին, և այդ պատվիրակությունը գնացել է, որպես վկա մասնակցել Նիկոլ Փաշինյանի հետ այդ հանդիպմանը, այդ հարցերն ուղղել, պատասխանները ստանալ և մեզ հայտնի»:
Ակնկալվում է, որ պատվիրակության մյուս անդամներին՝ Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին, արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանին, խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանին և նախագահի խորհրդական Մասիս Մայիլյանին կընդունեն ԱԺ նախագահ Ալեն Սիմոյանն ու արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Գերատեսչություններից հնարավոր հանդիպման մասին տեղեկություններ չեն փոխանցում։ Արցախի խորհրդարանի նախագահն ու պատվիրակության մյուս անդամները օրեր շարունակ «Ազատության» զանգերին չեն պատասխանում։ Արցախի ԱԺ նախագահի հետ խոսել է Ստեփանակերտի վերածննդի հրապարակում նստացույց անող Տիգրան Պետրոսյանը:
«Ես էլ հարցրեցի նրան՝ ինչո՞ւ Դուք ներկա չեք այդ հանդիպմանը, չէ՞ որ դրա համար եք գնացել: Նա շատ դժգոհ ձայնով ասաց, որ անկոչ հյուրերի նման ենք եղել այդ հանդիպմանը, դրա համար չեն գնացել», - նշեց Պետրոսյանը:
Փաշինյան - Հարությունյան հանդիպման մասին կուսակցական էջով տեղեկություն տարածելը խնդրահարույց է համարում վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը, մանրամասնելով՝ չարչարկված այս հանդիպման մասին պաշտոնական էջով տեղեկությունը չտարածելը նշանակում է, որ բացի Արցախ գնալու սահմանափակումից, Փաշինյանն արդեն նաև Արցախի ղեկավարության հետ հանդիպման խնդիր ունի։ Քաղաքական մեկնաբանը նաև խզում է տեսնում Հայաստանի և Արցախի իշխանությունների հարաբերություններում։
«Վկայում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը միջազգային տարբեր ատյաններում ինչ-որ պարտավորություններ ունի՝ պաշտոնապես չընդունել Արցախի իշխանություններին: Սա մեկ, երկրորդ՝ այն, որ հանդիպմանը միայն Արայիկ Հարությունյանն է մասնակցել, վկայում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը չի վստահում Արցախի իշխանություններին և կարծում է, որ տեղեկատվական արտահոսք կլիներ, եթե ինքը ներկայացներ մանրամասները ավելի շատ մարդկանց», - նշեց քաղաքական մեկնաբանը:
Արցախում մտահոգված են Պրահայում ընդունված հայտարարությամբ, որով Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Հարցնում են՝ այդ դեպքում ի՞նչ է լինելու Արցախի հետ։ Հանրահավաքի կազմակերպիչներից Տիգրան Պետրոսյանն ասում է՝ նստացույցը կշարունակեն այնքան ժամանակ, քանի դեռ պատվիրակությունը չի վերադարձել Արցախ ու տվել այս հարցերի պատասխանը։
«Ճանաչում հանուն փրկության թեզով ճանաչել Արցախի անկախությունը. դրանով նրանք զերծ կմնան հետագա բանակցություններից Արցախի վերաբերյալ, այսինքն՝ բեռը կդնեն Արցախի իշխանությունների վրա, իսկ այստեղ՝ տեղում, մենք արդեն կփորձենք Արայիկ Հարությունյանից լիազորությունները վերցնել, որպեսզի այդ կործանարար քաղաքականությունը չշարունակվի», - ասաց Պետրոսյանը:
Պաշտոնական Երևանը հայտարարել է հայ -ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը Ղարաբաղի հարցից զատելու իր դիրքորոշման մասին՝ առանց մանրամասնելու, թե ինչպես է պատկերացնում Ստեփանակերտ - Բաքու ուղիղ բանակցությունները։