Մատչելիության հղումներ

Փաշինյանը դժգոհում է, որ դաշնակից երկրները չեն մատակարարում գնված զենքը


Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ ունեցող Հայաստանը որոշ դեպքերում զենքի դիմաց վճարել է, սակայն այդ զենքի մատակարարումը այդպես էլ տեղի չի ունեցել, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից, կառավարության նիստին այսօր հայտարարեց վարչապետ Փաշինյանը՝ առանց փակագծեր բացելու, թե որ դաշնակից երկրի մասին է խոսքը։

Փաշինյանը նաև չբացառեց, որ այս հարցում Ադրբեջանը կարող է դերակատարում ունենալ. - «Որոշակի հաջողություններ ունեն նաև մեր դաշնակիցների հետ հարաբերությունների իմաստով, որտեղ, հնարավոր է, նրանք փորձում են այնպես անել, որ Հայաստանին զենք և ռազմամթերք չմատակարարվի: Մենք դեպքեր ունենք, երբ հարյուր միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստանի նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում»։

Ըստ Փաշինյանի, այս ամենը տեղի է ունենում մի հեռահար նպատակով, որ Հայաստանը հրաժարվի պետականությունից և ինքնիշխանությունից. - «Մենք մեր տարածքային ամբողջականությունից զիջումներ անենք: Բայց ուզում եմ նաև ընդգծել, որ ի հեճուկս բոլոր գործոնների, մենք վճռական ենք մեր անկախությունը, մեր ինքնիշխանությունը, մեր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու գործում: Եվ փառք բոլոր այն հերոսներին, ովքեր կանգնած են Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության դիրքերում»:

Ստեղծված իրավիճակում, ըստ Հայաստանի ղեկավարի, կառավարությունն ակտիվ աշխատում է միջազգային բոլոր գործընկերների հետ՝ որպես լուծում նրանց առաջարկելով Հայաստան - Ադրբեջան սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը։

Վարչապետը փակագծերը չի բացում, փոխարենը երեկ «Ազատության» հետ զրույցում իշխանական պատգամավոր Գագիկ Մելքոնյանն էր խոստովանել, որ 44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանից Հայաստան է մտել միայն մեկ խորհրդանշական դաշույն, որը Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նվիրել են այն ժամանակվա նախարար Արշակ Կարապետյանին՝ հայտարարելով, թե «Հայաստանին սպառազինության մատակարարման գործընթացը մեկնարկել է»։

«Էդ միակ զենքն էր, որ եկավ Հայաստան։ Հարգելիս, եթե մարդը քեզ զենք չի տալիս, քո մեղավորությունը ո՞րն է», - ասել էր Մելքոնյանը։

Մինչ իշխող կուսակցությունը սեփական մեղքը չի տեսնում այն հարցում, որ դաշնակից երկիրը գնված զենքն անգամ չի մատակարարում, ընդդիմադիրները քննադատության սլաքները միանգամից ուղղում են Փաշինյանի կառավարության դեմ։

«Խնդիրներ առաջանան զենքի վաճառքի և մատակարարման հետ»։ Էդ ո՞նց էր, որ առաջ էդ խնդիրները չկար։ Բացատրի ինձ, ո՞նց ա ստացվել, որ դրանից առաջ չէր առաջանում էդ խնդիրները։ Կամ առաջանում էր ու լուծվում էր», - պնդում է պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

այ-ադբեջանական սահմանի բախումները կանխելու համար կառավարության ղեկավարն այսօր կրկին առաջարկեց Հայաստան -Ադրբեջան սահմանին միջազգային դիտորդական առաքելություն տեղակայել. - «Կլինի դա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ-ի, թե որևէ այլ միջազգային կազմակերպության»:

Առաջին անգամ նման առաջարկ Փաշինյանը արել էր անցյալ տարի՝ մայիսի վերջին, երբ կրկին լարված էր հայ-ադրբեջանակն սահմանին, կային գերեվարված հայ զինվորականներ, իսկ ադբեջանցիները առաջ էին եկել Սյունիքի Սև լճի ուղղությամբ։ Սակայն եթե մեկ տարի առաջ Փաշինյանն առաջարկում էր սահմաններին տեղակայել «Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող երկրների դիտորդներ», ապա այսօր խոսեց միայն ԵԱՀԿ-ի կամ ՄԱԿ-ի մասին։

«Ոորվհետև էս լարվածությունը անընդհատ լինելու ա։ Էրեկվա լարվածությունը ինչի՞ արդյունքում է։ Ինժեներական աշխատանքների։ Իրենք էլ են ուզում անեն, մենք էլ ենք ուզում։ Աշխատանքը էնքան մոտ ա իրար, որ էսպես թե էնպես կոնֆլիկտը ծնվում ա, սկսում են կրակել։ Կրակելու արդյունքում լավ ա լայնամասշտաբի դեռ չի վերաճում, որովհետև միջազգային արձագանքը այնուամենայնիվ զսպեց ինչ-որ գործողություններ։ Բայց դա հավերժ չի լինելու։ Հիմա ո՞րն ա էդ միջազգային կառույցների հաջորդ քայլը, ըստ իս։ Դա դիտորդական առաքելությունը ներդնել էդ կոնֆլիկտի արանքում», - ասում է պաշտպանության հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը («Քաղաքացիական պայմանագիր»)։

Արդյո՞ք արդեն դիմել է Հայաստանը միջազգային գործընկերներին, Քոչարյանից հետաքրքրվեց «Ազատությունը». - «Երկու էդպիսի նախաձեռնություն գոյություն ունի... միշտ մերժվել է Ադրբեջանի կողմից։ Հիմա ո՞նց պետք ա անել, որպեսզի այնուամենայնիվ Ադրբեջանը չմերժի։ Դա դիվանագիտական լայն ծավալի արդյունքում պետք ա լինի, որը գոյություն ունի։ Դա կարող եմ ասել»

Մինչ այդ, Հայաստանը շեշտակի ավելացնում է պաշտպանական բյուջեն։ Այսօր կառավարության նիստին հաստատեց 2023 թվականի բյուջեի օրենքի նախագիծը, որով պաշտպանության հատկացված միջոցները կավելանան մոտ 47 տոկոսով կամ ավելի քան160 մլրդ դրամով՝ կազմելով ընդհանուր մոտ 501 միլիարդ դրամ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG