Մատչելիության հղումներ

Կան արևմտյան ու ռուսական առաջարկներ, բոլորը քննարկման ենթակա են. իշխանական պատգամավոր


Կան արևմտյան ու ռուսական առաջարկներ, բոլորը քննարկման ենթակա են, հայտարարեց Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագրի» քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ չմանրամասնելով ոչ առաջարկները, ոչ էլ դրանց տարբերությունները։ «Ազատությունը» Արտգործնախարարությունից ևս պատասխան չի ստացել։

Ռուսաստանը վերջին շաբաթներին քննադատում է Արևմուտքին՝ խաղաղութան համաձայնագրի շուրջ նրանց մոտեցումները անհավասարակշիռ որակելով։ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան օրերս հայտարարել էր, թե Մոսկվան Երևանին ու Բաքվին սեփական առաջարկներն է փոխանցել։

«Դրանք դեռևս խոսակցություններ են, որոնք թղթին չեն հանձնվել, և ես ճիշտ չեմ համարում այս ընթացքում խոսել բանակցային նրբությունների մասին: Եվ ռուս մեր գործընկերների, և Արևմուտքի մեր գործընկերների հետ, միանշանակ նույնն է, այսինքն՝ մեր կարմիր գիծը ՀՀ սուվերենությունն է, տարածքային ամբողջականությունն է, բացառվում է որևէ քննարկում արտատարածքային որևէ ճանապարհի: Որ կողմի հետ այսպես ասած՝ ավելի արդյունավետ լուծումներ կգտնենք, բնականաբար մենք բաց ենք, աշխատում ենք», - ասաց նա:

Չնայած վարչապետի հայտարարությանը, թե արտգործնախարարները հոկտեմբերի 2-ի ժնևյան հանդիպմանը սկսելու են խաղաղության պայմանագրի տեքստի քննարկումները, իշխանական պատգամավորը պնդում է՝ տեքստ, որի շուրջ ընթանում են բանակցություններ, չկա։ Կան դետալներ՝ համաձայնեցված ու քննարկվող։ Դրանք էլ Արթուր Հովհաննիսյանը չբացահայտեց։ Ասում է՝ այս պահին քննարկվում են միջազգային գործընկերների առաջարկների շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի դիրքորոշումները, որը պետք է բերի խաղաղության պայմանագրին։

«Այս պահին մենք քննարկում ենք մեր միջազգային գործընկերների կողմից արված առաջարկները, բնականաբար քննարկվում են մեր առաջարկներն այդ կոնտեքստում, բնականաբար քննարկվում են նաև Ադրբեջանի առաջարկները», - ասաց նա:

Հայ - ադրբեջանական հակամարտությունը Միացյալ Նահանգների համար առաջնահերթություն է. Փրայս

«Հայ - ադրբեջանական հակամարտությունը Միացյալ Նահանգների համար առաջնահերթություն է, Վաշինգտոնը շարունակելու է ներգրավված մնալ այս խնդրում»,- նախօրեին էլ հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը. «Ես չեմ կարող կոնկրետ արդյունք խոստանալ, բայց կարող եմ խոստանալ, որ դա կմնա մեզ համար առաջնահերթություն»:

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը չի բացառել իրենց միջնորդությամբ հայ-ադրբեջանական նոր հանդիպումը։

Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ այն, ինչ տեղի կունենա առաջիկա շաբաթներին ու ամիսներին, ամերիկյան բարձր մակարդակի ներգրավվածության արդյունք է. «Այս պահին չեմ կարող պայմանավորված հանդիպումների մասին հայտարարել, բայց համոզված եմ, որ առաջիկա օրերին և շաբաթներին ավելի շատ բան կունենամ ասելու այս մասին»:

Անցած ամիս Նյու Յորքում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների՝ ռազմական վերջին բախումից հետո առաջին հանդիպումը հենց Միացյալ Նահանգների պետքարտուղարի միջնորդությամբ ու մասնակցությամբ կայացավ։ Միրզոյան-Բայրամով ևս մեկ հանդիպում, այս անգամ Ռուսաստանի նախաձեռնությամբ, երկու օրից Աստանայում կանցկացվի: Կմասնակցի նաև արտգործնախարար Լավրովը:

«Մենք բոլոր տեղերը գնում ենք այս հիմնական օրակարգերով»

Արդյոք այդ հանդիպմանը հենց ռուսական առաջարկներն են քննարկվելու, իշխանական Արթուր Հովհաննիսյանը չի կոնկրետացնում. «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը, ինչպես նաև բնականաբար արցախահայության իրավունքների հարցն է քննարկվում, քննարկվում է, բնականաբար, գերիների վերադարձի հարցը, զորքերի հետքաշման հարցը, այսինքն՝ օրակարագը, որպես այդպիսին, եթե մենք ասենք՝ ինչ օրակարգի ենք գնում, ապա մենք բոլոր տեղերը գնում ենք այս հիմնական օրակարգերով»:

Իշխանությունը դրական տեղաշարժ համարեց Փաշինյանի պրահյան պայմանավորվածությունը, իսկ խորհրդարանական ընդդիմությունը քննադատեց, թե հայտարարությամբ Հայաստանը հրաժարվեց Արցախից, դրան գումարած ադրբեջանական զորքը դուրս չեկավ Հայաստանի տարածքից, սահմանին կրակոցներն էլ չեն դադարել։

«Այդ պայմանավորվածությունները գործիքներ են ադրբեջանական զորքի հետքաշման համար»,- ասում է իշխանական Հովհաննիսյանը։ Այդ դեպքում ինչո՞ւ հայտարարությունը կոնկրետ չէր:

«Ես կարծում եմ՝ սա ավելի արդյունավետ է, քան ուղղակի հայտարարությունը, որ դուրս բերեք զորքերը և վերջ: Հիմա մենք խոսում ենք արդեն ոչ թե պարզապես հայտարարության մասին, որը դատապարտող է, հորդորող է, այլ կոնկրետ գործողությունների մասին ենք խոսում, որոնք պետք է նպաստեն, որպեսզի ադրբեջանական զորքերը վերադառնան իրենց ելման դիրք», - պատասխանեց նա:

Մինչ հայկական կողմը չի բացահայտում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում իր առաջարկները, Բաքուն այսօր հայտնեց Երևանին փոխանցված «խաղաղության համաձայնագրի ընդլայնված տարրերի մասին», որոնք էլ, ըստ Ադրբեջանի արտգործնախարարի, պետք է խաղաղության համաձայնագրի և Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունները նորմալացնելու հիմքը դառնան։

«Հայկական կողմը ժամանակ է խնդրել ծանոթանալու համար», - Աստանայի հանդիպման նախօրեին հայտարարել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Նրա ձևակերպմամբ՝ «ընդլայնված տարրերը» լրացնում են նախկինում ներկայացված 5 հիմնական սկզբունքները։

Արտաքին գերատեսչությունից Հայաստանի դիրքորոշումը չբացահայտեցին՝ հղում անելով Արարատ Միրզոյանի ավելի վաղ արած հայտարարություններին։ Մեկ շաբաթ առաջ Միրզոյանը խորհրդարանի ամբոնից հաստատել էր, որ նման առաջարկներ Հայաստանին փոխանցվել են:

«Մարտի կեսերին փոխանցած այդ հինգ հայտնի սկզբունքները հրապարակվել են, այնտեղ, ըստ էության, մեզ համար անընդունելի ոչինչ չկա, այս անգամ ադրբեջանական կողմի փոխանցած առաջարկները, ըստ էության, կառուցված են այդ սկզբունքների վրա: Անշուշտ, կան բաներ, որոնք մենք դեռ վերլուծում ենք և անպայման կարձագանքենք, բաներ կլինեն, որոնք կրկին մեզ համար կրկին ընդունելի կլինեն, բաներ կլինեն՝ ընդունելի չեն լինի, կլինեն առաջարկներ, որոնք մենք կառաջարկենք ներգրավելու, այսինքն՝ նորմալ բանակցային գործընթաց կշարունակվի», - նշել էր նախարարը:

XS
SM
MD
LG