Մատչելիության հղումներ

Ռաուն և Կոլոննան քննարկել են զարգացումները հայ - ադրբեջանական սահմանին, ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու հնարավորությունը


ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաու, արխից
ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաու, արխից

ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն և Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան շաբաթ օրը հեռախոսազրույցում քննարկել են հայ - ադրբեջանական սահմանին վերջին զարգացումները:

Լեհաստանի արտգործնախարարության Թվիթերի պաշտոնական էջում տեղադրված գրառման համաձայն՝ երկու նախարարները քննարկել են «տարածաշրջան ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու պոտենցիալ հնարավորությունը»:

Օրեր առաջ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ Փարիզում կայացած հանդիպման ժամանակ Ֆրանսիայի ռազմական գերատեսչության ղեկավար Սեբաստիեն Լըքորնյուն հայտարարել է «Հայաստան շուտափույթ ֆրանսիական պատվիրակություն ուղարկելու մասին՝ գնահատելու իրավիճակը»:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ հայտարարել է, թե քննարկվում է հայ - ադրբեջանական կարգավորման համար ՀԱՊԿ դիտորդների օգտագործումը:

Սեպտեմբերի 13-ի կեսգիշերին հայ - ադրբեջանական սահմանին սկիզբ առած ինտենսիվ ռազմական գործողությունների հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, հայկական կողմից 206 զոհված և անհետ կորած կա, առնվազն 20 ռազմագերի, ադրբեջանական կողմից՝ 80 զոհված, երկու կողմերը հարյուրավոր վիրավորներ ունեն: Սեպտեմբերի 14-ի երեկոյան հայտարարվել է հրադադարի մասին: Այն, սակայն, պարբերաբար խախտվում է, ինչի հետևանքով հայկական կողմն արդեն 3 զոհ և մեկ վիրավոր ունի, ադրբեջանականը՝ 4 վիրավոր:

Սեպտեմբերի 28-ի ժամը 22-ից իրավիճակը սահմանին հարաբերականորեն կայուն է:

Պաշտոնական Երևանն անհրաժեշտ է համարում միջազգային դիտորդների տեղակայումը հայ - ադրբեջանական սահմանին, ինչը, սակայն, մինչ օրս չի արվում:

XS
SM
MD
LG