Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նախագահն ընդունել է Ֆրանսիայի նախագահի խորհրդականին


Ֆրանսիայի նախագահի խորհրդական, Ուկրաինայում Ֆրանսիայի նախկին դեսպան Իզաբել Դյումոն, արխիվ
Ֆրանսիայի նախագահի խորհրդական, Ուկրաինայում Ֆրանսիայի նախկին դեսպան Իզաբել Դյումոն, արխիվ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր իր նստավայրում ընդունել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի աշխատակազմի մայրցամաքային Եվրոպայի և Թուրքիայի հարցերով խորհրդական Իզաբել Դյումոնին:

Նախագահը և խորհրդականը քննարկել են երկկողմ կապերին և հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, այդ թվում՝ սահմանազատմանը և հաղորդակցության ուղիների բացմանն առնչվող հարցեր:

«Ինտեֆաքս-Ազերբայջան» լրատվական գործակալության փոխանցմամբ, Ալիևն ընդգծել է մի շարք մարդասիրական հարցերի լուծման անհրաժեշտությունը: Նա այդ առումով խոսել է հսկողության տակ վերադարձված տարածքների ականազերծման, ինչպես նաև Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո անհետ կորած համարվող մոտ 4 հազար ադրբեջանցիների ճակատագրի մասին:

«Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, այդ թվում՝ Ադրբեջանի և Ֆրանսիայի համագործակցությունը»,- ասվում է Բաքվից ստացված հաղորդագրությունում:

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այս տարվա հունիսին Փարիզում հանդիպել է Էմանյուել Մակրոնի դիվանագիտական հարցերով խորհրդական Իզաբել Դյումոնի հետ, վերջինս նաև հունվարին Հայաստան է այցելել Եվրամիության պատվիրակության կազմում:

XS
SM
MD
LG