Մատչելիության հղումներ

Պուտինը հայտարարել է, որ ուկրաինական օբյեկտներն իր հրամանով են հրթիռակոծվել


Առավոտյան ուկրաինական տասնյակ քաղաքներ հրթիռակոծության են ենթարկվել։ Պայթյուններ են որոտացել ոչ միայն մայրաքաղաք Կիևում, այլև Խմելնիցկիում, Ժիտոմիրում, Տերնոպիլում, Լվովում, Կրեմենչուգում, Կրիվոյ Ռոգում, Խարկովում, Կոնոտոպում, Օդեսայում և Դնեպրում։ Կան զոհեր ու վիրավորներ։ Ղրիմի կամուրջի պայթյունից հետո Կիևին ահաբեկչության համար մեղադրող Պուտինն իր հերթին հայտարարել է, որ ուկրաինական օբյեկտներն իր հրամանով են հրթիռակոծվել։

Առավոտյան Կիևի կենտրոնից ուկրաինական բնակավայրերի հրթիռակոծության մասին հայտնեց նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Մայրաքաղաքը վերջին անգամ թիրախավորել էր հունիսի վերջին։

«Առավոտը ծանր էր: Մենք գործ ունենք ահաբեկիչների հետ: Տասնյակ հրթիռներ, իրանական «Շահեդներ»։ Նրանք ունեն երկու թիրախ. Էլեկտրակայաններ ամբողջ երկրում և մարդիկ։ Բայց մենք ուկրաինացիներ ենք։ Օգնում ենք միմյանց։ Մենք հավատում ենք ինքներս մեզ։ Մենք վերականգնում ենք այն ամենը, ինչ ավերվել է։ Հիմա կարող են լինել էլեկտրաէներգիայի ժամանակավոր ընդհատումներ, բայց երբեք չեն լինի ընդհատումներ մեր հաղթանակի վստահության մեջ», - ասաց Զելենսկին։

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայության վերջին հաղորդագրության համաձայն, բնակավայրերի հրթիռակոծության հետևանքով 11 մարդ է զոհվել, ևս 64-ը՝ վիրավորվել։ Հոսանքազրկված են Լվովի, Պոլտավայի, Սումիի և Տերնոպոլի մարզերը, մյուս շրջաններում էլեկտրամատակարարումը մասամբ է խափանվել։

Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին հայտնել է, որ առավոտյան ռուսական բանակը 80-ից ավելի հրթիռ է արձակել Ուկրաինայի ուղղությամբ։ Ըստ բանակի ղեկավարի, ուկրաինական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են դրանց կեսից ավելին։

Նախագահ Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը փորձում է ոչնչացնել Ուկրաինան, և դարձյալ կոչ արել Ռուսաստանը ճանաչել որպես ահաբեկչական պետություն։ Նա ևս մեկ անգամ ասել է, որ չի բանակցի Ռուսաստանի հետ, քանի որ «ահաբեկիչների հետ չեն բանակցում, ահաբեկիչներին ոչնչացնում են». - «Անհրաժեշտ է Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել որպես ահաբեկչական պետություն բոլոր մակարդակներում: Անհրաժեշտ է սահմանափակել ցանկացած տնտեսական շփում ռուսաստանյան սուբյեկտների հետ։ Դուք չեք կարող լինել ահաբեկչության հովանավոր»։

Ռուսաստանի նախագահ Պուտինը, որն իր հերթին Ուկրաինայի իշխանություններին է ահաբեկչության մեջ մեղադրում, այսօր Անվտանգության խորհրդի անդամների հետ հանդիպմանը նախ հայտարարել է, որ հրթիռակոծություններն իր հրամանով են եղել, ապա սպառնացել է, որ եթե Ռուսաստանի տարածքի վրա հարձակումները շարունակեն, պատասխանը կոշտ կլինի. - «Եթե մեր տարածքում ահաբեկչական գործողություններ իրականացնելու փորձերը շարունակվեն, Ռուսաստանի պատասխանը կլինի կոշտ և մասշտաբային։ Ոչ ոք չպետք է կասկածի»։

Ուկրաինական քաղաքների հրթիռակոծությունից երկու օր առաջ Ռուսաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող Ղրիմի կամրջի վրա պայթյուն էր որոտացել։ Վլադիմիր Պուտինը կատարվածն ահաբեկչություն էր անվանել ու դրանում մեղադրել Ուկրաինայի հատուկ ծառայություններին։ Պաշտոնական Կիևը չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը, սակայն մինչ այդ բազմիցս հայտարարել էր, որ Ղրիմի կամուրջին կհարվածի հենց նման հնարավորություն ունենա։

Ռուսական զանգվածային հրթիռային հարձակումից հետո Ուկրաինայում տիրող իրավիճակը վաղը հրատապ կարգով կքննարկեն Մեծ յոթնյակի ղեկավարները։ Զելենսկին արդեն ասել է, որ դրան առցանց կմասնակցի։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG