Ռուսաստանի նախագահն այսօր ստորագրել է ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները, ինչպես նաև օկուպացված Խերսոնի և Զապորոժիեի շրջանների տարածքները Ռուսաստանի Դաշնության կազմ ընդունելու մասին օրենքները։
Այսպիսով Ռուսաստանի օրենսդրության համաձայն, միավորման գործընթան ավարտված է, Մոսկվան այսուհետ այդ տարածքները համարում է Ռուսաստանի մաս։
Մինչդեռ Կիևը և Արևմուտքը ուկրաինական այս տարածքների անեքսիան անօրինական են համարում։ Կիևը պնդում է, թե անպայման կազատագրի բոլոր բռնակցված տարածքները, Արևմուտքն էլ հայտարարում, թե ուժեղացնում է իր աջակցությունը Ուկրաինային։
Մինչ այդ Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են հակահարձակումը և' Դոնեցկի, և' Լուգանսկի, և' Խերսոնի շրջաններում։ Առաջխաղաղացումը հատկապես նկատելի է Խերսոնի մարզում, ինչն արձանագրել են նաև Վաշինգտոնի պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի փորձագետները։
Նախագահ Վլադիմիր Զելենսկին, մասնավորապես, տեղեկացրել է, որ ուկրաինական բանակը վերջին մի քանի օրում այս մարզում ևս ութ բնակավայր է ազատագրել. - «Խերսոնի շրջանից ստացված ռազմական հաղորդագրությունների համաձայն, օկուպանտից ազատագրվել են Լյուբիմիվկա, Խրեշչենիվկա, Զոլոտա Բալկա, Բիլյայիվկա, Ուկրաինկա, Վելիկա և Մալա Օլեքսանդրիվկա և Դավիդիվ Բրիդ բնակավայրերը։ Եվ սա ամբողջական ցանկը չէ: Մեր զինվորները կանգ չեն առնում. Եվ միայն ժամանակի հարց է, երբ մենք կվտարենք օկուպանտին ամբողջ մեր հողից»:
Ուկրաինական ուժերի առաջխաղացում Խերսոնի մարզում այդ շրջանի օկուպացիոն վարչակազմը դարձյալ բացատրել է ռուս զինվորականների վերախմբավորմամբ։ Նույն այս ձևակերպմամբ ռուսական կողմը բացատրում էր նահանջը Խարկովի մարզում։ Կրեմլի խոսնակն էլ այսօր հայտարարել է, թե այն բնակավայրերը, որոնք ռուս զինվորականները թողել են Ռուսաստանին նոր տարածքների միացման հայտարարությունից հետո, «միշտ կլինեն Ռուսաստանի հետ և կվերադարձվեն»։
Ուկրաինական առաջխաղացմանը զուգահեռ ռուսները նույնպես չեն դադարում հարձակման փորձերը, մասնավորապես՝ Բախմուտի և Ավդեևկայի ուղղություններով, և ինտենսիվ ռմբակոծում եմ ուկրաինական բնակավայրերը, այդ թվում Զապարոժիե քաղաքը։
Իսկ Վաշինգտոնն ու դաշնակիցները հայտարարում են ուկրաինական կողմին նոր սպառազինություն տրամադրելու մասին։ ԱՄՆ պաշտպանության նախարարի Ռուսաստանի, Ուկրաինայի, Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Լաուրա Կուպերը երեկ ասել է, թե Վաշինգտոնը ուսումնասիրում է ուկրաինական բանակի կարիքները. - «Մենք ուշադիր ուսումնասիրում ենք զինամթերքի սպառման տեմպերը, որպեսզի համոզվենք, որ նրանք ունեն այն, ինչ անհրաժեշտ է հակահարձակման համար: Կարծում եմ, դուք տեսել եք, թե ինչպես է ուկրաինական կողմն օգտագործում HIMARS-ները ռուսական կրիտիկական լոգիստիկան շարքից դուրս բերելու համար»:
Ավելի վաղ Միացյալ Նահանգները հայտարարել էր Ուկրաինային լրացուցիչ 625 միլիոն դոլարի ռազմական օգնություն տրամադրելու մասին։ Դրա մեջ նաև ևս չորս HIMARS բազմակի հրթիռային համակարգերն են մտնում։ Մ
ոսկվան իր հերթին զգուշացնում է, որ Ուկրաինային ավելի ծանր սպառազինություն տրամադրելու Վաշինգտոնի որոշումը «մեծացնում է ուղիղ ռազմական առճակատման վտանգը» Ռուսաստանի և Արևմուտքի միջև։ Նման հայտարարություն է արել Միացյալ Նահանգներում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը՝ հավելելով, թե Մոսկվան այդ աջակցությունն ընկալում է որպես որպես «ուղղակի սպառնալիք Ռուսաստանի ռազմավարական շահերին»։
Այս հայտարարությունների ֆոնին Եվրամիության երկրները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների շուրջ։