Այսօր աշխատանքային այցով Ժնևում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։
Արտգործնախարարության լրատվական վարչության փոխանցմամբ՝ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի Հանրապետության նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքների վերացման՝ Ադրբեջանի զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքներից դուրսբերման, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման, հրադադարի ռեժիմի ավերապահ պահպանման հրամայականը:
Նախարարը խստորեն դատապարտել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից միջազգային իրավունքի կոպտագույն խախտումները և իրականացրած պատերազմական հանցագործությունները, մասնավորապես` խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորումը, հայ ռազմագերիների անմարդկային խոշտանգումներն ու արտադատական սպանությունները, և շեշտել, որ մեղավորները պետք է համարժեք պատասխանատվության ենթարկվեն, այդ թվում՝ պատժամիջոցների կիրառմամբ։
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի։
Այսօր Ժնևում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:
Սեպտեմբերի 13-ի կեսգիշերին հայ - ադրբեջանական սահմանին սկիզբ առած ինտենսիվ ռազմական գործողությունների հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, հայկական կողմից 206 զոհված և անհետ կորած կա, առնվազն 20 ռազմագերի, ադրբեջանական կողմից՝ 80 զոհված, երկու կողմերը հարյուրավոր վիրավորներ ունեն: Սեպտեմբերի 14-ի երեկոյան հայտարարվել է հրադադարի մասին: Այն, սակայն, պարբերաբար խախտվում է, ինչի հետևանքով հայկական կողմն արդեն 3 զոհ և մեկ վիրավոր ունի, ադրբեջանականը՝ 4 վիրավոր:
Սեպտեմբերի 28-ի ժամը 22-ից իրավիճակը սահմանին հարաբերականորեն կայուն է: