Մատչելիության հղումներ

Մակրոնի հետ հանդիպմանը Փաշինյանը մատնանշել է Ադրբեջանի հետ խաղաղության գնալու քարտեզները


Լուսանկարը՝ Հայաստանի վարչապետի աշխատակազմի լրատվականի
Լուսանկարը՝ Հայաստանի վարչապետի աշխատակազմի լրատվականի

Նիկոլ Փաշինյանն առաջարկել է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի համար հիմք ընդունել 1991 թվականին ստորագրված ԱՊՀ -ն կազմավորելու մասին համաձայնագրի սահմանները:

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ Փարիզում կայացած հանդիպմանը Հայաստանի վարչապետն ասել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանները հստակ չլինելու պնդումներն անհիմն են, քանի որ երկու երկրները 1991-ի դեկտեմբերի 8-ին ստորագրել են ԱՊՀ-ն ստեղծելու համաձայնագիրը, ըստ որի նախկին Խորհրդային Միության հանրապետությունների վարչական սահմանները դարձել են պետական սահմաններ, և նշել է, որ այդ սահմանների վրա հիմնված կարելի է գնալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։

«Գալով երկարաժամկետ լուծումներին, կարծում եմ՝ անհրաժեշտ է 1991 թվականի դեկտեմբերի 8-ի համաձայնագրով վերահաստատված սահմանների փոխադարձ ճանաչմամբ գնալ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրմանը», - հայտարարել է Փաշինյանը:

Հաղորդակցության ուղիների վերաբացման մասին վարչապետը նշել է, որ «Հայաստանը պատրաստ է տարածաշրջանի կոմունիկացիաների բացմանը և նոր կոմունիկացիաների կառուցմանը՝ համաձայն այն երկրների ազգային օրենսդրության, որոնց տարածքով դրանք անցնում են»:

Լեռնային Ղարաբաղի մասին․ - «Կարևորում ենք նաև Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը, որը կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներն և անվտանգությունը: Կարծում եմ՝ Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ քննարկումների մեկնարկը կարող է օգտակար լինել: Այս համատեքստում պիտի ընդգծեմ Ֆրանսիայի դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր»:

Փաշինյանն ընդգծել է, որ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Հայաստանի տարածքներ են օկուպացվել, տարածաշրջանում իրավիճակը լարված է մնում, և հավելել. - «Միջազգային դիտորդական առաքելության գործուղումն ադրբեջանական օկուպացիայի հետևանքով տուժած շրջաններ և սահմանային գոտի կօգնի, որ միջազգային հանրությունն ուղիղ և ոչ թե միջնորդավորված տեղեկություններ ստանա»:

Ֆրանսիայի նախագահն ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով կան բազմաթիվ զոհեր։ Թիրախավորվել է Հայաստանի տարածքը, ավերվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ։

«Հաշվի առնելով, որ կան գրավված դիրքեր` Ֆրանսիան պահանջել է, որպեսզի ադրբեջանական ուժերը վերադառնան ելման դիրքեր: Ես հենց սեպտեմբերի 14-ին ասել եմ նախագահ Ալիևին, որ սահմանի` սահմանագծված չլինելու փաստը չի կարող արդարացնել ոչ մի առաջխաղացում մյուս երկրի տարածք», - ընդգծել է Մակրոնը՝ շարունակելով. - «Չլուծված բոլոր հարցերը, որոնք բազում են, պետք է բացառապես լուծվեն բանակցությունների ճանապարհով: Բանակցությունները տարվում են տարբեր ձևաչափերով, մասնավորապես՝ Եվրամիության հովանու ներքո, և պետք է դրանք վերսկսել»:

«Ես չեմ մոռանում, որ ուղիղ երկու տարի առաջ՝ 2020-ի սեպտեմբերի 27-ին սկսվեց սարսափելի պատերազմ, որը մահաբեր դարձավ տարածաշրջանի համար։ Այն փաստացի հանգեցրեց նոր իրավիճակի՝ ընդլայնելով ռուսական բանակի ներկայությունը տարածաշրջանում։ Եվ ես խստորեն դատապարտում եմ այն, ինչ տեղի է ունեցել վերջին օրերին, և խաղաղության ու բանակցությունները վերսկսելու կոչ եմ անում», - ասել է Մակրոնը՝ հավելելով, թե ցանկանում է ողջունել վարչապետ Փաշինյանի արիությունը, որը նոր մոտեցում է առաջարկել տարածաշրջանի ապագայի վերաբերյալ։

Մակրոնը նշել է, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը, ում հետ պատրաստվում էր մոտակա ժամերին զրուցել, նույնպես ցանկանում է վերջ դնել տարածաշրջանի անկայունությանը և գտնել լուծումներ։ «Սակայն անհնարին է կառուցել խաղաղություն՝ ուժի գործադրման սպառնալիքի ներքո», - շեշտել է Մակրոնը և նշել՝ Ֆրանսիան ամեն ինչ կանի, որպեսզի Հարավային Կովկասը դառնա կայուն, հուսալի և բարգավաճ տարածաշրջան։

Ֆրանսիայի նախագահը հայտնել է, որ Փաշինյանի հետ առանձնազրույցում կանդադառնան նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների նորմալացման կարևոր հարցին։ Սա դժվար, բայց շատ անհրաժեշտ գործընթաց է և շատ էական տարածաշրջանի համար, ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։

XS
SM
MD
LG