Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան գրառմամբ հայտարարել է, որ ադրբեջանական զորքերի դուրսբերումը և միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական, ինչպես նաև սահմանամերձ տարածքներում բացարձակ անհրաժեշտություն է։
Վարչապետը հայտնել է, որ ադրբեջանական նոր հարձակման հետևանքով այսօր Հայաստանի տարածքում 3 հայ զինվոր է զոհվել: «Սա հարձակում է Հայաստանի անկախության, ինքնիշխանության և ժողովրդավարության դեմ։ Ադրբեջանական ներխուժումը պետք է դատապարտվի և դադարեցվի», - գրել է Փաշինյանը:
Այսօր ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմը 3 զոհ ունի:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությանն էլ իր հերթին հաղորդել է, թե հայկական կողմն է խախտել հրադադարը: Ադրբեջանական կողմը հայտնել է մեկ վիրավորի մասին: