Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ներկայացրել է Հայաստանում ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության օպերատիվ խմբի աշխատանքի մասին տեղեկատվություն, հայտնում է վարչապետի աշխատակազմը:
ՀԱՊԿ-ի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են նաև տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։
Պաշտոնական Երևանը դիմել է ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ ռազմական աջակցության խնդրանքով։ Սակայն թե՛ Կրեմլից, թե՛ ռազմական կառույցից Հայաստանի օգնության խնդրանքը, փաստորեն, մերժելուց հետո, ՀԱՊԿ-ում որոշեցին մոնիթորինգային առաքելություններ գործուղել։
Այդ առաքելություններից առաջինը ղեկավարող ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը դեռ նախքան Երևան մեկնելն էր հայտարարել, որ դաշինքը Հայաստան զորք ուղարկելու ծրագրեր չունի։
Սեպտեմբերի 20-ից Երևանում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ Նա հանդիպել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի, Հայաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի հետ, մանրամասն քննարկել Հայաստանի սահմանամերձ շրջանների առանձին հատվածներում տիրող իրավիճակը, ինչպես նաև ստեղծված իրավիճակում ՀԱՊԿ հետագա հնարավոր միջոցառումները։