Մատչելիության հղումներ

Գրիգորյանի և Հաջիևի հետ հստակ քայլեր ենք նախանշել խաղաղության հասնելու համար. Ջեյք Սալիվան


Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի և Ադրբեջանի նախագահի օգնականի հետ հստակ քայլեր ենք նախանշել խաղաղության հասնելու համար, հայտարարել է Արմեն Գրիգորյանին և Հիքմեթ Հաջևին Վաշինգտոնում հյուրընկալած Միացյալ Նահանգների նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականը: Ջեյք Սալիվանի միջնորդությամբ հանդիպումը տեղի է ունեցել Սպիտակ տանը։

«Ուղիղ և կառուցողական զրույցի համար այսօր հյուրընկալել եմ Հիքմեթ Հաջիևին և Արմեն Գրիգորյանին։ Մենք քննարկել ենք հետագա բռնություններից խուսափելու և ժամանակին և կենտրոնացված բանակցություններ վարելու կարևորությունը: Մենք նաև հստակ քայլեր ենք նախանշել՝ կայուն և հարատև խաղաղության հասնելու համար», - հանդիպման արդյունքների մասին Թվիթերում գրել է ամերիկացի պաշտոնյան։

Թե ինչ քայլերի մասին է խոսում Բայդենի խորհրդականը, պարզ չէ՝ դրանք, ոչ Երևանը, ոչ Բաքուն, ոչ էլ Վաշինգտոնը դեռ չեն հստակեցրել։

Հայաստանի Անվտանգության խորհրդի գրասենյակը միայն հայտնել է, որ կողմերը քննարկել են ԼՂ հիմնախնդրի երկարաժամկետ խաղաղ կարգավորման գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը։ Կարևորվել է վերջին ագրեսիայի հետևանքների վերացումը»:

Ադրբեջանի նախագահի օգնականն էլ հայտնել է, թե քննարկվել է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրին, սահմանների դելիմիտացիային, Հարավային Կովկասում հաղորդակցական ուղիների բացմանը առնչվող հարցեր:

«Այստեղ հիմնական մոտեցումն է շարունակել ջանքերը խաղաղության օրակարգով հստակ ժամկետների շրջանակում: Հանդիպման ընթացքում քննարկվել են խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, սահմանազատումը, տրանսպորտային ուղիների բացումը, ինչպես նաև հումանիտար օրակարգի մաս կազմող ականների և անհետ կորածների խնդիրը»,- հանդիպման մասին գրել է Հաջիևը՝ չհստակեցնելով՝ արդյոք Բաքվին ու Երևանին հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները վիճահարույց այս հարցերի շուրջ:

Շուրջ երկու շաբաթ առաջ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած արյունալի բախումներից հետո սա Երևանի ու Բաքվի երկրորդ ուղիղ շփումն է: Ադրբեջանական զորքերի Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժումից մեկ շաբաթ անց Նյու Յորքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ հանդիպել էին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը:

Այսօր էլ Բայրամովը տարածաշրջանային իրավիճակը քննարկել է ռուսաստանցի ու թուրք գործընկերների՝ Սերգեյ Լավրովի և Մևլյութ Չավուշօղլուի հետ։ Ուշադրության կենտրոնում են եղել տարածաշրջանային հետպատերազմական գործընթացներն ու երկկողմ հարաբերությունները:

XS
SM
MD
LG