Մատչելիության հղումներ

Թեհրանը պատրաստ է Բաքվի ու Երևանի երկխոսության հարթակ դառնալ․ դեսպան


Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին ասել է, որ Թեհրանը պատրաստ է Բաքվի և Երևանի երկխոսության հարթակ դառնալ։

«Իրանը պատրաստ է օգնել իր հյուսիսային հարևաններին՝ Ադրբեջանին և Հայաստանին՝ հասնելու կայուն խաղության Թեհրանում՝ երկկողմ և եռակողմ հանդիպումների և 3+3 տարածաշրջանային նախաձեռնության շրջանակներում»,- ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ, ասել է դեսպանը՝ Ադրբեջանի փոխնախագահ Էլչին Ամիրբեկովի հետ հանդիպմանը։

Կողմերը քննարկել են նաև երկկողմ հարաբերություններում վերջին իրադարձությունները, իրավիճակը Կովկասում և տարածաշրջանի հետ կապված Իրանի սկզբունքային դիրքորոշումը։

Ըստ հաղորդագության՝ դեսպանը հաստատել է Իրանի դիրքորոշումը միջազգային սահմաններն անփոփոխ մնալու հարցում և հայտարարել, որ «որևէ աշխարհաքաղաքական փոփոխություն չպետք է լինի, ինչն անհամատեղելի կլինի տարածաշրջանում Իրանի կենսական կարևոր և երկարաժամկետ շահերի հետ»։

Հայ-ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 13-ի կեսգիշերին: Սեպտեմբերի 14-ի երեկոյան Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարեց, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն՝ այլ մանրամասներ չհայտնելով:

Մարտերի հետևանքով հայկական կողմի զոհվածների և անհետ կորածների պաշտոնապես հրապարակված թիվը 206 է, Բաքուն 80 զոհի մասին է տեղեկացրել։ Պաշտոնական տվյալներով՝ վերջին մարտերից հետո հայկական կողմն ունի առնվազն 20 ռազմագերի։

Այս ընթացքում հրադադարի խախտման մի քանի դեպք է արձանագրվել, երկու կողմից զինծառայողներ են վիրավորվել:

XS
SM
MD
LG