Մատչելիության հղումներ

Ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից․ Միրզոյանը՝ Դենդիասին


Տեղի է ունեցել Հայաստանի և Հունաստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Նիկոս Դենդիասի՝ ընդլայնված կազմով հանդիպումը:

Ըստ Հայաստանի արտգործնախարարության՝ քննարկվել են երկկողմ և բազմակողմ հարթակներում հարաբերությունների զարգացմանը, տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:

Նախքան ընդլայնված կազմով հանդիպումը, երկու երկրների արտգործնախարարներն առանձնազրույց էին ունեցել։

Հանդիպումներից հետո Միրզոյանն ու Դենդիասի հանդես եկան մամուլի համար հայտարարություններով։

Միրզոյանը նախ շնորհակալություն հայտնեց Հունաստանին և Հունաստանի կառավարությանը Հայաստանին և հայ ժողովրդին ցուցաբերվող շարունակական աջակցության համար, հատկապես այն ժամանակ, երբ Հայաստանն առերեսվում է Ադրբեջանի կողմից Հյաաստանի ինքնիշխանության և տարածքյաին ամբողջականության նկատմամբ ագրեսիային, ապա Հունաստանի արտգործնախարարի` Երևանում գտնվելը գնահատեց համերաշխության և աջակցության հավաստիք։

Հայաստանի արտգործնախարարը խոսեց նաև Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակից, անդրադարձավ Հայաստանի նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքներին։

«Ոչ համարժեք, ագրեսորի և ագրեսիայի թիրախի միջև հավասարություն դնող արձագանքները բերում են նոր հանցագործությունների», - ասաց Միրզոյանը՝ շարունակելով․ - «Միանշանակ է, որ ագրեսիայի հետևանքները պետք է վերացվեն, այն է՝ առաջին հերթին ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից, հայ ռազմագերիները պետք է վերադարձվեն և հրադադարի ռեժիմը պետք է լիակատար պահպանվի, միաժամանակ միջազգային հանրությունը հստակ գործողությունների միջոցով պետք է կանխարգելի Ադրբեջանի արկածախնդիր քայլերն ու հավանական նոր ագրեսիաները»։

Միրզոյանը նաև արձանագրեց՝ արդյունավետ փոխգարծակցություն է ծավալվում Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով և այս ձևաչափն առավել զարգացնելու համոզմունք հայտնեց։

«Հունաստանն աջակցում է բոլոր պետությունների ինքնավարությանն ու տարածքային ամբողջականությանը և դա իհարկե վերաբերում է նաև մեր լավ ընկեր հայերին։ Հավատում ենք սահմանների անքակտելիությանը», - իր հերթին վերահաստատեց Հունաստանի արտգործնախարարը։

Հունաստանի արտգործնախարարն աշխատանքային այցով այսօր է ժամանել Երևան։ Նիկոս Դենդիասին կընդունի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG