Զոհերի վերջին թիվը խորհրդարանական ամբիոնից հնչել է ամիսներ առաջ՝ 3825։ «Նրանց մեծ մասի մարմինները հայտնաբերվել, ԴՆԹ նույնականացվել են ու հուղարկավորվել 2021 թվականին», - հայտարարել էր վարչապետ Փաշինյանը։
Մեկ, երկու, երեք զոհ ունեցող ընտանիքներ կան։ Վեներա Ղարայանը կորցրել է ամուսնում ու երկու որդիներին. - «Նայում եմ դուս, ասում եմ արդեն լուսացել ա, մտնել ա, ասում եմ մթնել ա...»
Այս պատերազմում նաև 80 քաղաքացիական անձ է սպանվել, խաղաղ բնակիչներ, որ կա'մ Ադրբեջանի զինուժի թիրախում են հայտնվել, կա'մ չեն հեռացել իրենց բնակավայրերից, հիմնականում տարեցներ։ 38 հոգի սպանվել է ամենադաժան միջոցներով՝ հրազենի մոտիկ կրակոց, ֆիզիկական բռնություն, դանակահարություն, գլխատում։
Հուղարկավորված զոհերից, անհետ կորածներից բացի, երկու տարի անց կան նաև անթաղ մարմիններ։ Քանի՞սը։ Քննչական կոմիտեից ասում են՝ այդ տեղեկատվությունը չի հրապարակվում։
Մեծամորի դիահերձարանում մեկ տարի առաջ 100 մարմին ու մասունք դեռևս պոլիէթիլենային տոպրակների մեջ էին։ Հիմա էլ այնտեղ են, թիվը շատ չի պակասել։ Այդ մարմինները հիմնականում նույնականացված են, սակայն ծնողները փորձաքննությանը չեն հավատում, չեն հավատում, որ զոհվել է իրենց որդին։ Հույս ունեն, որ գերի է...
Հայկական կողմի չհաստատված տվյալներով, Ադրբեջանում պահվում է շուրջ ութ տասնյակ հայ գերի։ Բաքուն բազմիցս հայտարարել է, թե վերադարձրել է բոլորին՝ ադրբեջանական բանտերում պահվող գերիներին անվանելով «ահաբեկիչներ»։
44 օրյա պատերազմի աղետը դեռ չավարտվել։ Սկսվել է նորը. ծնողները հուղարկավորում են այս ամսվա մարտերում զոհված իրենց որդիներին, փնտրում անհետ կորածներին, սպասում գերեվարվածներին։