Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված Դաշնակցային համագործակցության հռչակագրի իրագործման ուղղությամբ դրական արդյունք կա, հայտարարել է Ադրբեջանի նախագահը Ռուսաստանի Պետդումայի նախագահի հետ հանդիպման ժամանակ:
Բաքվում այսօր ընդունելով Վյաչեսլավ Վոլոդինին՝ Իլհամ Ալիևը ռուս պաշտոնյայի հետ քննարկել է դեռ փետրվարին երկու երկրների միջև կնքված հռչակագրով համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը:
Ալիևը ասել է, թե տարբեր ոլորտներում համագործակցության խորացման համար 8 ճանապարհային քարտեզ կա, որոնք համաձայնեցվել են և իրագործվում են հստակ ժամանակացույցով և վերահսկողությամբ. - «Համատեղ ջանքերով ձեռքբերված արդյունքները կարևոր նշանակություն ունեն մեր երկու երկրների համար և, կարծում եմ, նաև տարածաշրջանի համար: Եվ իհարկե, տարածաշրջանային անվտանգության հարցերը միշտ մեր հարաբերությունների օրակարգում են: Մենք այդ մասին խոսել ենք Ռուսաստանի նախագահի հետ վերջերս Սամարղանդում կայացած հանդիպման ժամանակ: Անկասկած, խաղաղությունը մեր տարածաշրջանում բոլոր երկրներին է պետք, բոլոր ժողովուրդներին: Մեր օրակարգը միանշանակ է: Բազմիցս հայտարարել ենք, որ երկարաժամկետ, կայուն խաղաղության, հարևանների հետ բոլոր խնդիրների լուծման կողմնակից ենք և ուզում ենք տարածաշրջանը դուրս գա ծանր դրությունից որը շարունակվում է արդեն 30 տարի»:
Պետդումայի խոսնակը Ալիևին է փոխանցել նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույններն ու ընդգծել, որ Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները հաջողությամբ զարգանում են առավելապես նախագահների գործադրած ջանքերի շնորհիվ. - «Դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը իսկապես շատ լուրջ մակարդակ է ձեռք բերված ռազմավարական գործընկերության հիման վրա: Այդ հռչակագրում հատկապես ընդգծված է, որ մեր միջխորհրդարանական հարաբերությունները պետք է զարգանան: Այդ պատճառով պետք է նոր ձևաչափեր գտնենք, որպեսզի հնարավոր լինի երկու երկրների համար ռազմավարական կարևորություն ունեցող հարցերի լուծումներ առաջարկել, այդ թվում պետք է աշխատենք նախագահների ձեռնարկած քայլերի օրենսդրական ապահովման ուղղությամբ»:
Այցի շրջանակներում Ռուսաստանի Պետդումայի նախագահը հանդիպել է նաև Ադրբեջանի Միլլի մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ։ Վոլոդինը նշել է, որ երկու երկրների խորհրդարանների պատգամավորները պետք է ակտիվացնեն համատեղ աշխատանքը հատկապես Դաշնակցային համագործակցության հռչակագրի օրենսդրական ապահովման համար. - «Այդ հռչակագրի ստորագրման արդյունքում ութ ճանապարհային քարտեզ կա: Դրանք օրենսդրական ուղեկցման կարիք ունեն: Ճիշտ կլինի, եթե մեր ոլորտային հանձնաժողովները սկսեն մշակել այդ ուղղությունները, որպեսզի ներդրում ունենանք այդ գործում»:
Գաֆարովան իր հերթին ընդգծել է, որ այդ փաստաթուղթը նոր փուլ է դարձել երկկողմ հարաբերությունների զարգացման համար:
Ռուաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների նոր փուլի մասին երկու երկրների առաջնորդները ազդարարեցին փետրվարի 22-ին Մոսկվայում Դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի կնքմամբ։ Այդ փաստաթղթով մի շարք ոլորտներում փոխգործակցության խորացմանը զուգահեռ նախատեսվում է, որ «անվտանգությունը, խաղաղությունն ու կայունությունը ապահովելու համար Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունը կարող են դիտարկել միմյանց ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը»: