Մատչելիության հղումներ

Ցավոք, դրական արձագանք չկա. Փաշինյանը` Ալիևին ուղղված հարցի մասին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով` Ադրբեջանի նախագահին ուղղված իր հարցին դրական արձագանք չկա: Թվիթերում Հայաստանի ղեկավարը հիշեցրել է, որ ՄԱԿ-ում իր ելույթում պարզ հարց է հնչեցրել` արդյո՞ք Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունն իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում:

«Եթե այո, մենք կարող ենք շարունակել խաղաղության պայմանագիրը։ Ցավոք սրտի, դրական արձագանք չկա։ Հարցն այն է, թե ինչու», - այսօր գրել է վարչապետ Փաշինյանը:

Քսան րոպեանոց ելույթում Հայաստանի վարչապետը խոսել էր հիմնականում Ադրբեջանի հետ հարաբերություններից, պնդելով, թե Բաքուն մտադիր է Հայաստանից նորանոր տարածքներ գրավել:

«Ես պաշտոնական և հրապարակային հարց եմ ուղղում Ադրբեջանի նախագահին․ կարո՞ղ ես ցույց տալ Հայաստանի այն քարտեզը, որը ճանաչում ես կամ պատրաստ ես ճանաչել որպես Հայաստանի Հանրապետություն։ Ինչու եմ սա հարցնում։ Որովհետև կարող է պարզվել, որ ըստ Ադրբեջանի պաշտոնական տեսանկյունի, Հայաստանի միայն կեսը կամ դրանից էլ քիչն է Հայաստանի Հանրապետություն», - հայտարարել էր նա:

​Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում, Հայաստանի վարչապետի ելույթը որակել է «ապացույց նրա, որ հայկական կողմը մտադիր է նորմալացման փոխարեն շարունակել առճակատումը»:

XS
SM
MD
LG