Մատչելիության հղումներ

Ռուսաստանում մասնակի զորահավաք է հայտարարվել


Ռուսաստանի նախագահն այսօր մասնակի մոբիլիզացիա հայտարարեց՝ առաջին անգամ երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր, որպեսզի շարունակի Ուկրաինայի դեմ յոթ ամիս առաջ սկսած պատերազմը: Այս մասին Վլադիմիր Պուտինը հայտարարեց վաղ առավոտյան՝ հեռուստաուղերձով դիմելով ժողովրդին:

«Զինվորական ծառայության զորակոչին կենթարկվեն միայն այն քաղաքացիները, ովքեր ներկայումս գտնվում են պահեստազորում, առաջին հերթին, զինված ուժերում ծառայածները, որոնք ունեն որոշակի ռազմական մասնագիտություններ ու համապատասխան փորձ», - նշե է Պուտինը։

Հրամանագիրն արդեն ստորագրվել ու հրապարակվել է Կրեմլի էջում, զորահավաք սկսվել է։

Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով, այս փուլում զորակոչվելու է 300 հազար պահեստազորային։ Պուտինն իր հերթին, զգուշացրել է, որ պատրաստ է էլ ավելի հեռուն գնալ, իր խոսքով՝ հավաքական Արևմուտքի ռազմական մեքենային դիմակայելու համար։

«Նրանք, ովքեր փորձում են մեզ շանտաժի ենթարկել միջուկային զենքով, պետք է իմանան՝ մեր երկիրը նույնպես ունի ոչնչացման տարբեր սպառազինություն, որոշ դեպքերում ավելի ժամանակակից, քան ՆԱՏՕ-ի երկրները։ Եվ եթե մեր երկրի տարածքային ամբողջականությունը վտանգվի, Ռուսաստանին և մեր ժողովրդին պաշտպանելու համար մենք, անշուշտ, կօգտագործենք մեր ձեռքի տակ եղած բոլոր միջոցները։ Դա բլեֆ չէ», - ասել է Վլադիմիր Պուտինը:

Կրեմլի այս քայլից առաջ ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի մարզերը, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի շրջանների օկուպացիոն վարչակազմերը հայտարարել էին Ռուսաստանին միանալու «հանրաքվեի մասին»։ Պուտինն իր ելույթում խոստացավ «անվտանգ պայմաններ» ստեղծել՝ «որպեսզի մարդիկ կարողանան անվտանգ իրենց կամքն արտահայտել»։

«Համաշխարհային հանրությունը չի ճանաչում «ցինիկ» հանրաքվեները օկուպացված տարածքներում»

Ուկրաինան ու Արևմուտքը ապօրինի է որակում այդ հանրաքվեները, ընդգծելով, որ դրանց արդյունքը ոչինչ չի փոխի։

«Ուկրաինան իր տարածքները ազատագրելու բոլոր իրավունքներն ունի և կշարունակի ազատագրել դրանք, անկախ նրանից, թե ինչ են ասում Ռուսաստանում», - Twitter-ում գրել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը պնդել է՝ այս քայլերը ցույց են տալիս, որ Կրեմլի ծրագրերը Ուկրաինայի դեմ իրականում տապալվել են։ «Ոչ մի քարոզչություն կամ սպառնալիք չի կարող թաքցնել փաստը, որ Ուկրաինան հաղթում է պատերազմում, միջազգային համայնքը միասնական է, իսկ Ռուսաստանը` բոլորի կողմից մերժված», - ասել է Բեն Վալասը։

Նույնն է պնդել նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը. «Պուտինը ոչ միայն կործանում է Ուկրաինան, այլև կործանում է իր երկիրը: Ահա թե ինչու մենք չենք ընդունի Ռուսաստանի թելադրած խաղաղությունը։ Ահա թե ինչու մենք չենք ընդունի ոչ մի հանրաքվե։ Ուկրաինան պետք է կարողանա պաշտպանվել Ռուսաստանի ներխուժումից։ Մենք ամբողջ ուժով աջակցում ենք Ուկրաինային ֆինանսապես, տնտեսական, մարդասիրական աջակցությամբ և նաև զենքով»։

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն իր հերթին հայտարարել է, որ համաշխարհային հանրությունը չի ճանաչում «ցինիկ» հանրաքվեները օկուպացված տարածքներում:

«Եթե Դոնբասում հանրաքվեի գաղափարն այդքան ողբերգական չլիներ, ծիծաղելի կլիներ», - ընդգծել է Մակրոնը:

Դժգոհություններ երկրի ներսում

Կրեմլի ծրագրերը դժգոհություն են առաջացրել նաև երկրի ներսում. «Վեսնա» շարժումն արդեն հայտարարել է բողոքի ցույց ընդդեմ մասնակի մոբիլիզացիայի՝ «Ո՛չ գերեզմաններին» լոզունգով։ Ակտիվիստները ռուսաստանցիներին կոչ են արել այսօր՝ ժամը 19:00-ին, դուրս գալ կենտրոնական փողոցներ։

«Ավիասելս»-ի տվյալներով՝ մասնակի մոբիլիզացիայի մասին Պուտինի ելույթից հետո, մի քանի ժամվա ընթացքում սպառվել են դեպի Ստամբուլ և Երևան՝ այսօրվա բոլոր ուղիղ չվերթների տոմսերը։ Թուրքիա և Հայաստան Ռուսաստանի քաղաքացիները կարող են մուտք գործել առանց վիզաների, մեկ այլ ուղղությամբ, որն ընտրում են հարուստ ռուսաստանցիները՝ դեպի Դուբայ, ամենաէժան տոմսերն այսօր արժեն ավելի քան 300 հազար ռուբլի, այսինքն մոտ 5000 դոլար:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG