Մատչելիության հղումներ

Հայաստանը նշում է Անկախության օրը


Հայաստանը նշում է Անկախության օրը: 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին։

Կառավարությունը Ադրբեջանի ներխուժման հետևանքով սահմանին տեղի ունեցած վերջին բախումներից հետո չեղարկել է տոնական միջոցառումները:

«Այսօր էլ սեպտեմբերի 21 է և այսօր էլ Անկախության հանրաքվե է»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է.

«Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձը: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին տեղի ունեցավ Անկախության հանրաքվե, որին մասնակցեց 2 միլիոն 56 հազար 758 մարդ, որն ընտրողների ընդհանուր թվի 95.5 տոկոսն էր:

Հանրաքվեի էր դրված հետևյալ հարցը. «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ժողովրդավարական պետություն ԽՍՀՄ-ի կազմից դուրս»: Հանրաքվեի մասնակիցների 99 տոկոսը՝ 2 միլիոն 42 հազար 627 մարդ, այդ հարցին պատասխանել է Այո»:

«Միանշանակ է և աներկբա, որ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Այո ասող եթե ոչ բոլոր քաղաքացիները, գոնե մեծամասնությունը, հասկանում էր, որ սա պարզապես քվեաթերթիկի վրա գրիչով արած նշում չէ, այլ սահմանագիծ, որից այս կողմ հպատակը դառնում է Քաղաքացի, Հայրենիքը դառնում է Պետություն, կարգախոսը դառնում է Պատասխանատվություն:

1991-ի սեպտեմբերի 21-ին Այո ասած սերունդը լիուլի և արժանապատիվ կրեց այդ պատասխանատվությունը՝ իր ուսերին կրելով պատերազմի, տնտեսական դժվարությունների, սոցիալական հուսահատության ծանրությունը: Եվ այսօր Հայաստանի անկախության 31-րդ տարեդարձի օրը նախևառաջ իմ խոնարհումի ու ակնածանքի խոսքերն եմ ուզում ասել այդ սերնդին, առաջին հերթին մեր այն նահատակներին, ովքեր իրենց կյանքն են տվել հանուն Անկախության, հանուն Պետականության, այն մարդկանց, ովքեր նորանկախ երկրի կոչով սեփական կյանքն ու բարեկեցությունը զոհաբերելով են նաև Այո ասել Անկախությանը», - ասված է ուղերձում, որը հրապարակել է Հայաստանի վարչապետի աշխատակազմի լրատվականը:

«Այսօր էլ սեպտեմբերի 21 է և այսօր էլ Անկախության հանրաքվե է: 1991 թվականի հանրաքվեն տեղի է ունեցել, բայց չի ավարտվել, և Անկախության հանրաքվեն տեղի է ունենում այսօր:

Հանուն Հայրենիքի իրենց կյանքը տված մեր նահատակներն Այո են ասել Անկախությանը, և շատ կարևոր է, որ նրանց կորստի դառնությունից մեր ծնկները չծալվեն: Սահմանին աներեր կանգնած զինվորը Այո է ասում Անկախությանը, և չափազանց կարևոր է, որ նրա Այոն իր արձագանքը գտնի ոչ միայն մեր սրտերում, այլև մեր գործերում», - ընդգծում է Փաշինյանը՝ շարունակելով. - «Ամեն օր, ամեն Աստծո օր [...] հանրաքվեի մասնակից ենք, Անկախության հանրաքվեի: Եվ կարևոր է, որ Անկախությանը ասենք Այո, Ինքնիշխանությանը ասենք Այո, ժողովրդավարությանն ասենք Այո և այդ Այոն, ըստ անհրաժեշտության, վերահաստատենք 29 հազար 800 քառակուսի կիլոմետրանոց Պետություն-Հայրենիքի այն հատվածում, որտեղ այդ Այոն ամենաշատն անհրաժեշտ կլինի: Ու չերկմտենք, ու չերկնչենք, ու չկասկածենք, որովհետև ամեն օր, ամեն Աստծո օր մեր մեջ փորձում են սերմանել նորանոր կասկածներ, նորանոր վախեր, և այդ ամենը հանուն մի բանի, որ մենք հրաժարվենք մեր Անկախությունից, որ հրաժարվենք մեր պետությունից»:

«Այո՛ Անկախությանը, Այո՛ Ինքնիշխանությանը, Այո՛ Հայաստանի Հանրապետությանը», - իր ուղերձն ամփոփում է Հայաստանի վարչապետը:

«Պետք է ամեն ակնթարթ տոգորված լինենք մեր ազատությունն ու անկախությունը պաշտպանելու հաստատակամությամբ»

Շնորհավորական ուղերձ է հղել նաև նախագահ Վահագն Խաչատուրյանը։

«Այսօր Հայաստանի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձը նշում ենք մեր երկրի համար ծանր ու փորձություններով լի մի ժամանակաշրջանում, երբ պետք է ամեն ակնթարթ տոգորված լինենք մեր ազատությունը, մեր ինքնիշխանությունն ու անկախությունը պահպանելու և պաշտպանելու հաստատակամությամբ», - մասնավորապես, ասել է նախագահը:

Ոչ երեք տասնամյակ առաջ, ոչ էլ այսօր անկախությունը մեր ժողովրդի համար չի եղել ինքնանպատակ կամ զուտ վերացական մի ձևակերպում, նշել է Խաչատուրյանը՝ շեշտելով՝ 31 տարի առաջ այս օրն անցկացվող հանրաքվեն, ոչ թե անկախ լինելու կամ չլինելու երկընտրանքի մասին էր, այլ հայ ժողովրդի կայացրած վճռի հաստատագրման նպատակ ուներ և այդ վճիռն այսօր էլ չի փոխվել՝ անկախ դժվարություններից:

Վերջին երեք տասնամյակը գալիս են ապացուցելու մի պարզ ճշմարտություն, որ անկախությունը գործողություն է, շարժում և շարունակական պայքար ու անդուլ աշխատանք՝ հանուն ներկայի, հանուն վաղվա օրվա, մեր զավակների և թոռների անվտանգ, արժանապատիվ ու բարեկեցիկ ապագայի, նաև նշել է նախագահը՝ հույս հայտնելով, որ ցանկացած մարտահրավեր ու խոչընդոտ հաղթահարելի է հավաքական կամքի ու հավաքական միասնության համար։

«Մեր լինելության, պետականության անվտանգության հիմնասյունը ազգային միաբանությունն է»

«Մեր ժողովուրդը վերստին գոյաբանական հիմնախնդիրների առջև է։ Վտանգներ են սպառնում Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու անկախ պետականության անվտանգությանը, հայրենի հողում արցախահայության ազատ ու անկախ ապրելու իրավունքին, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը»,- իր ուղերձում նշել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։

Ըստ Մայր աթոռի տեղեկատվական համակարգի՝ Ամենայն Հայոց Հայրապետը մտահոգություն է հայտնել նաև ապագայի, հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքների, հայ-թուրքական երկխոսության առումով:

«Մտահոգ ենք մեր երկրում առկա սոցիալ-տնտեսական լրջագույն մարտահրավերներով, մեր հասարակության մեջ տիրող անհամերաշխությամբ ու միմյանց հանդեպ անհանդուրժողությամբ, հրատապ խնդիրները երկրորդական հարցերով փոխարինելու ընթացքով, առկա սպառնալիքների հանդիման միաբանվելու և միասնաբար պայքարելու վճռականության բացակայությամբ։ Մտահոգ ենք արժեքային և կրթական դաշտում ծառացած խնդիրներով, սփյուռքի համայնքների, ազգային կառույցների և հայրենի իշխանությունների միջև ստեղծված որոշակի անվստահությամբ, նաև Եկեղեցի-պետություն հարաբերություններում հայրենանպաստ գործակցության բացակայությամբ», - ասել է վեհափառ Հայրապետը՝ շեշտելով՝ բաժանումն ու մասնատվածությունը չեն կարող բարիք ծնել այս դժվարին իրադրության հաղթահարման համար։

Գարեգին Երկրորդն ընդգծել է՝ լինելության, պետականության անվտանգության հիմնասյունը ազգային միաբանությունն է։

«Հայրենիքը և ազգային արժանապատվությունը չեն կարող ստորադասվել անձնական ու հատվածական շահերին և բարեկեցությանը։ Հայրենիքը ազգի յուրաքանչյուր զավակինն է։ Եվ ամենքս պատասխանատու ենք հայրենիքի համար մեր արածի և բացթողումի, ձեռքբերումի և կորստի համար, պատասխանատու ենք Աստծո առջև, մեր սրբազան հողի, կորսված շեների ու սրբավայրերի առջև, պատասխանատու ենք հայրենիքին իրենց կյանքն ընծայած մեր նահատակների և ապագա սերունդների առջև»։

Սիրելի ժողովուրդ հայոց, հայրական Մեր հորդորն է՝ Անկախության տոնի այս օրը ուխտենք վերստին ամենայն հանձնառություն ու զոհողություն ստանձնել հանուն հայրենիքի՝ Հայաստանի և Արցախի։ Ապրենք ճշմարիտ հայրենասիրությամբ, ազգային ու պետական շահերի բարձր գիտակցությամբ՝ խույս տալու համար ցավալի նոր կորուստներից։

Մեր հորդորն է Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ անկախ կուսակցական և գաղափարական տարբերություններից գործակցել և ընդհանուր հայրենաշահ որոշումներ կայացնել ազգի բոլոր կարող ուժերի հետ՝ առկա բարդ ու դժվարին իրավիճակի կարգավորման, ծառացած հիմնախնդիրների բարվոք լուծման, ինչպես և հայության ներուժը ազգային-հայրենական շահերին լավագույնս ծառայեցնելու համար։

Հայոց Եկեղեցին միշտ եղել է պետականության զորացման նվիրյալը, առաջամարտիկը նրա անսասանության պաշտպանության: Նույն նախանձախնդրությամբ շարունակելու ենք ջանքեր բերել հայոց անկախ պետականության ամրապնդման կարևոր գործին», - մասնավորապես ասել է Վեհափառ Հայրապետը:

«Բոլորս միասին, միակամ տեր կանգնենք հայոց անկախ պետականությանը»

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձում մասնավորապես ասված է.

«Հզոր, ծաղկող ու զարգացած Հայրենիքը բոլոր հայերի նվիրական երազանքն է՝ Մայր Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում: Եվ այդ երազանքի շուրջ համախմբումը օրվա հրամայական է ու միակ ճիշտ ուղին այն իրականություն դարձնելու համար. մենք այլ ճանապարհ չունենք»:

«Այսօր կրկին հայը կանգնած է նոր լրջագույն մարտահրավերների առջև, որոնք սպառնալիք են հայոց պետականությանը, ազգային ինքնությանն ու ապագային: Պահը վճռորոշ է բազմադարյա պատմություն ու քաղաքակրթություն ունեցող մեր ժողովրդի և հայոց աշխարհի համար:

Ուրեմն, եկեք բոլորս միասին, միակամ ու հաստատակամորեն, լցված հավատով ու իմաստնությամբ տեր կանգնենք հայոց անկախ պետականությանը, այն պահենք ամուր ու աներեր՝ հանուն մեր բոլոր նահատակների սուրբ հիշատակի և ապագա սերունդների», - ասված է ուղերձում, որը հրապարակել է Արցախի նախագահի աշխատակազմի լրատվականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG