Մատչելիության հղումներ

Ալլա Պուգաչովան խնդրում է իրեն ընդգրկել «օտարերկրյա գործակալների» ցուցակում


Ալլա Պուգաչովա և Մաքսիմ Գալկին, արխիվ
Ալլա Պուգաչովա և Մաքսիմ Գալկին, արխիվ

Դեռևս խորհրդային տարիներից Ռուսաստանի ամենահայտնի երգչուհի Ալլա Պուգաչովան կիրակի օրը Ինստագրամում Ռուսաստանի արդարադատության նախարարությանն ուղղված կոչ է հրապարակել, որում խնդրել է իրեն ներառել «օտարերկրյա գործակալների» ցուցակում:

Այսպես երգչուհին առաջին անգամ բացեիբաց խոսեց Ուկրաինա ռուսական ներխուժման մասին և պաշտպանեց ամուսնու՝ Մաքսիմ Գալիկին դիրքորոշումը:

«Խնդրում եմ ինձ ընդգրկել իմ սիրելի երկրի օտարերկրյա գործակալների շարքերում, որովհետև ես համամիտ եմ ամուսնուս հետ, ով ազնիվ, պարկեշտ և անկեղծ մարդ է, Ռուսաստանի իսկական և անկաշառ հայրենասեր, ով հայրենիքին ցանկանում է բարգավաճում և խաղաղություն, խոսքի ազատություն և վերջ մեր տղաների մահվանը մեր երկիրը վտարյալ դարձնող ու մեր քաղաքացիների կյանքը դժվարացնող պատրանքային նպատակների համար», - գրել է Պուգաչովան:

Սեպտեմբերի 16-ին Ռուսաստանի արդարադատության նախարարությունը կատակերգու Մաքսիմ Գալկինին ներառել է «օտարերկրյա գործակալների գործառույթ կատարող անձանց» ցուցակում: Հաղորդագրություններից հետևում է, թե Գալկինը քաղաքական գործունեությամբ է զբաղվում՝ դրա համար գումար ստանալով Ուկրաինայից:

Ուկրաինա Ռուսաստանի ռազմական ներխուժման առաջին իսկ օրերից Գալկինը դատապարտել է պատերազմը: «Դուք Սուրբ Զատիկին աղոթում եք խաղաղության համար և միաժամանակ թևավոր հրթիռներ եք ուղարկում բնակելի շենքերի վրա», - ասել է արտիստը ռուս պաշտոնյաներին Օդեսայի հրթիռակոծությունից հետո:

Բացի այդ, Գալկինը հայտարարել էր նաև, որ ուկրաինացիներին օգնություն հանգանակելու համար ծրագրում է համերգներ տալ Իսրայելում:

Պուգաչովան, ի տարբերություն Գալկինի, Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո ձեռնպահ մնաց պատերազմի մասին հրապարակային հայտարարություններից:

Պատերազմի մեկնարկից հետո զույգը լքել էր Ռուսաստանը: Օգոստոսին հայտնի դարձավ Պուգաչովայի և նրանց երկու երեխաների Ռուսաստան վերադառնալու մասին: Պատերազմը կոշտ քննադատող Գալկինը, սակայն, ընտանիքի հետ Ռուսաստան չի վերադարձել:

XS
SM
MD
LG