Ռուսաստանի արդարադատության նախարարությունն ընդլայնել է օտարերկրյա գործակալների ցանկը՝ դրանում ներառելով «Էխո Մոսկվի» ռադիոկայանի նախկին գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովի, հրապարակախոս Ալեքսանդր Նևզորովի, լրագրող Սերգեյ Պարխոմենկոյին, Idel.Realii-ի երկու լրագրողների և մի շարք այլ հանրային անձանց անուններ։
«Օտարերկրյա գործակալ» է ճանաչվել նաև ընդդիմադիր քաղաքական գործիչ Վլադիմիր Կարա-Մուրզան, որն ուրբաթ օրը ձերբակալվել է ռուսական բանակի մասին կեղծիքների գործով։
Օտարերկրյա գործակալների մասին օրենքը իշխանություններին թույլ է տալիս «օտարերկրյա գործակալ» ճանաչել ցանկացած շահույթ չհետապնդող կազմակերպության, որը ֆինանսական միջոցներ է ստանում արտերկրից և իշխանությունների կարծիքով քաղաքական գործունեություն է ծավալում։
Իրավապաշտպանների պնդմամբ՝ օրենքում առկա բացերի շնորհիվ իշխանությունները հետապնդում են իրականացնում անկախ լրատվամիջոցների, կրթության, մշակույթի, առողջապահության և շրջակա միջավայրի ոլորտներում աշխատող կազմակերպությունների նկատմամբ։
Օրենքի առկայության ինը տարիների ընթացքում այն բազմիցս խստացվել է՝ ընդլայնելով իր ազդեցությունը ոչ միայն կազմակերպությունների, այլև անհատների վրա։