Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին սեպտեմբերի 14-ից սկսված բախումների հետևանքով ղրղըզական կողմի զոհերի թիվը 24-ից հասել է 36-ի։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ տուժել է 129 քաղաքացի:
Գիշերն սահմանին, ըստ ղրղզական կողմի, անցել է առանց հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունների խախտման, սակայն իրավիճակը մնում է լարված:
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին իրավիճակը սրվել է սեպտեմբերի 14-ին։ Ղրղզական կողմի տվյալներով՝ չորեքշաբթի օրը տաջիկ սահմանապահները մտել են Ղրղզստանի Բատկեն շրջանի Բուլակ-Բաշի շրջանի սահմանային գոտի և «գրավել մարտական դիրքեր»։ Տարածքը լքելու պահանջին ի պատասխան՝ Տաջիկստանի սահմանապահները կրակ են բացել, որից հետո փոխհրաձգություն է սկսվել։ Մի քանի ժամ անց զինված բախումներ են տեղի ունեցել նաև այլ շրջաններում։
Ղրղզստանի իշխանությունները բախումների պատճառով տարհանել են ավելի քան 136 հազար քաղաքացու։ Բատկենի շրջանում արտակարգ դրություն է մտցվել:
Տաջիկական կողմի վարկածով՝ իրադրությունը սահմանին սրվել է այն բանից հետո, երբ ղրղզ սահմանապահները ականանետերից կրակ են բացել տաջիկական ուղեկալի ուղղությամբ։