Դ30-ի հրետանային արկն է գիշերը ավերել վերիշենցի Հարությունյանների տունը։
«Հայրս, մայրս ես տանն էինք, - պատմում է ընտանիքի որդին՝ Գուրգենը։ - Տանիքը ճեղքել ա, տանիքից հետո առաստաղը կոտրել, տան երկու ննջասենյակները իրար միացնող պատը ճեղքելով իջել ա մինչև նկուղային հարկը։ Նկուղային հարկը ամբողջովին բետոնապատ ա էղել, դրա համար չի այրվել»։
Ընտանիքն այժմ ազգականի տանն է գիշերում, ադրբեջանական հրետանին նրանց տունը վթարային է դարձրել։ Կեսգիշերից Սյունիքի մարզի մի շարք սահմանային բնակավայրեր կրակի տակ են՝ Իշխանասարից մինչև Գորիսի Վերիշեն ու Ակներ, Տեղ համայնքի Քարաշեն գյուղ, Կապանի գյուղերը՝ Ներքին Հանդ, Ծավ։
Ադրբեջանական կողմը թիրախավորում է հատկապես ռազմական օբյեկտներ, բայց արկերի տակ են հայտնվում նաև մարդկանց տները։
«Հիմնական վնասները Վերիշեն և Ակներ բնակավայրերում է, չորս բնակելի տներ վնասված են այս պահի դրությամբ մեր ունեցած տվյալներով։ Քաղաքացիական օբյեկտների վրա է նաև հարձակում տեղի ունեցել։ Նաև ասեմ, որ բնակիչներ տուժած, բարեբախտաբար, այս պահի դրությամբ չունենք», - փոխանցեց Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը։
Նրա տեղեկացմամբ, իրավիճակն այս տարածաշրջանի գյուղերում դեռևս չի հանդարտվել։
Սյունիքի մարզում այս պահի տվյալով խաղաղ բնակիչների շրջանում զոհեր, տուժածներ չկան։
Տեղ խոշորացված համայնքի քարաշեն գյուղում է պայթել ադրբեջանական արկերից մեկը, գյուղի հանդիսությունների սրահն է ավերվել, հարակից տների, խանութի ապակիներն են կոտրվել։
Քարաշենի այս փողոցի բնակիչները Սվետա Փարսյանենց նկուղում են պատսպարվել ողջ գիշեր։ Սկզբում, ասում է, կարծում էինք համագյուղացիներից մեկը հրավառություն է անում, հետո երբ արկն իրենց թաղ է հասել, հասկացել են, որ գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինուժը հրետանի է կիրառում։ Քարաշենցիներն ասում են, որ այսպիսի ռմբակոծություն այստեղ երբեք չէր եղել. - «Ուղղակի գրադի սաս ենք լսալ, տենց փախալ ենք, դառել պադվալները։ Բայց նման պեն իլալ չի»։
Թաղամասը ոնց որ մառախուղի մեջ լիներ, ասում է քարաշենցի Լենա Հայրապետյանը. - «Ասի քինամ մտնեմ տեղերս, պառկած հինգ րոպե չանցավ... մամա ջան, կարծես թե մի ալավ տեղիս տակավ սենց դուս եկավ... Թռա դուս եկի, տեսնամ ամբողջ գյուղը կարծես թե մի քշաթուխպ ըլի»։
Կապանի սահմանային գյուղերում՝ Ներքին Հանդ, Ծավ, Ճակատեն, Սրաշեն, գիշերվանից մեղմ ասած անհանգիստ է եղել։ Համայնքնապետերից տեղեկացանք, որ բնակչների տները չեն վնասվել, այս գյուղերում արկեր չեն պայթել, ադրբեջանական զինուժը հայկական դիրքերն է թիրախավորել։ Դիրքային փոփոխություններ եղել են, ցավով նշեցին համայնքապետերը։
Սյունիքի սահմաններին պատերիազմի ձայները դեռ չեն լռել։ Մարզի բոլոր համայնքներում այսօրվանից դասերը ընդհատվել են։