Ժամը 18:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է լարված մնալ, հայտնում է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը:
Չնայած իրավիճակի կայունացման մասին վաղ է խոսել, սակայն կեսգիշերից արձանագրված հրետակոծության ինտենսիվությունը զգալիորեն թուլացել է, հավելեց նա:
«Հակառակորդը հատուկ նշանակության ստորաբաժանումների կիրառմամբ ողջ օրվա ընթացքում փորձում է դիրքային առաջխաղաղացում ապահովել, մասնավորապես Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ», - նշեց ռազմական գերատեսչության խոսնակը:
Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են, ասաց նա: Առավոտյան վարչապետ Փաշինյանը առնվազն 49 զոհի մասին էր հայտնել:
Արամ Թորոսյանն ասաց նաև, որ ադրբեջանական կողմը թիրախավորում է սահմանամերձ բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները:
Բախումները սկսվել են երեկ: Կեսգիշերն անց հայկական կողմը հայտնեց, որ Ադրբեջանի զինուժը մի քանի` Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմն էլ հայկական կողմին մեղադրեց սադրանքների մեջ: