ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ուղևորվում է Հայաստան ու Ադրբեջան, հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների գծով գլխավոր հանձնակատար Ջոզեպ Բորելը՝ նշելով, որ եվրոպացի պաշտոնյան տարածաշրջան է մեկնում՝ աջակցելու անհրաժեշտ դեէսկալացիային և քննարկելու Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի միջև բրյուսելյան երկխոսության գործընթացի հաջորդ քայլերը։
ԵՄ հատուկ ներկայացուցչի գրասենյակից «Ազատությանը» հայտնեցին, որ Կլաարը վաղը կմեկնի Բաքու, նա այնտեղ բարձր մակարդակի հանդիպումներ կունենա, ինչից հետո կժամանի Երևան, որտեղ ևս սեպտեմբերի 15-ին նախատեսված են բարձր մակարդակի հանդիպումներ:
Եվրամիության արտգործնախարարը հայտարարության տեքստում խոսել է ռազմական գործողությունների դադարեցման ու բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու անհրաժեշտության մասին։
«Բոլոր ուժերը պետք է վերադառնան իրենց դիրքերը, որոնք զբաղեցնում էին մինչ այս լարվածությունը, և հրադադարը պետք է լիովին հարգվի», - ասել է Բորելը՝ հավելելով, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կապի մեջ է երկու երկրների ղեկավարների հետ, իսկ ինքը խոսել է արտգործնախարարների հետ։
ԵՄ-ն հավաստիացնում է, որ հավատարիմ է շարունակելու միջնորդի դերակատարությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հասնելու նպատակով։