Մատչելիության հղումներ

Հայաստանը ՀԱՊԿ-ից ակնկալում է գործուն հավաքական քայլեր ՀՀ անվտանգության ապահովման համար. Վիկտոր Բիյագով


ՀԱՊԿ Մշտական խորհուրդն այսօր հրավիրված արտահերթ նիստում քննարկել է կազմակերպության մեխանիզմների հնարավոր ակտիվացման վերաբերյալ հայկական կողմի առաջարկները, հայտնում են ռազմական դաշինքից՝ առանց մանրամասնելու, թե խոսքն ինչ մեխանիզմների մասին է և ինչ որոշում է ընդունվել։

Նշվում է միայն, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ՀՀ ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը գործընկերներին տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի առանձին հատվածներում իրավիճակի զարգացման մասին և այդ առնչությամբ ներկայացրել է վարչպաետ Նիկոլ Փաշինյանի դիմումն ուղղված Հավաքական անվտանգության խորհրդի անդամներին։

Հայաստան արտգործնախարարության փոխանցմամբ՝ Վիկտոր Բիյագովը, դիմելով ՀԱՊԿ-ում իր դաշնակիցներին, հայտարարել է, որ հայկական կողմն ակնկալում է նրանցից գործուն հավաքական քայլեր ՀՀ անվտանգության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ապահովման համար՝ կազմակերպության կանոնադրության շրջանակներում՝ վստահություն հայտնելով, որ «ՀԱՊԿ մեխանիզմներն ի վիճակի են զսպել ագրեսորին»։

Բիյագովն ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերի գործողությունները համարվում են Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության կոպիտ խախտում, իսկ իրավիճակը կարող է հանգեցնել լայնամասշտաբ զինված հակամարտության:

Նիստին մասնակցել են ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը և ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը։

Հայաստանի ռազմական գերատեսչությունը կեգիշերն անց հայտարարեց, որ Ադրբեջանի զինուժը սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը հաղորդել է առնվազն 49 զոհի մասին:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, հայտարարել է «Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից հայ-ադրբեջանական պետական սահմանի Դաշքեսանի, Քելբաջարի և Լաչինի ուղղություններով լայնածավալ սադրանքի» մասին։

Հայաստանը պաշտոնապես դիմել է Ռուսաստանին, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG