Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի նոր նստաշրջանի առաջին նիստը մեկնարկեց առանց ընդդիմության


Ազգային ժողովի նոր նստաշրջանի առաջին նիստն այսօր մեկնարկեց առանց ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ» ունեմ խմբակցությունների պատգամավորների։ Դեռ մայիսից խորհրդարանի նիստերին չմասնակցող և վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոցային պայքար սկսած պատգամավորները որոշել են շարունակել իրենց քաղաքական բոյկոտը։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ բացակայությունների շարունակական լինելու դեպքում այս անգամ իշխանությունը մինչև վերջ կգնա և նիստերից բացակայող ընդդիմադիրներին կզրկի մանդատից։

«Մենք ծափահարություններով իրենց ճանապարհեցինք դահլիճից և պատրաստ ենք ծափահարություններով իրենց ընդունել դահլիճ, և ես ասում եմ, որ իրենք այլընտրանք չունեն, և այդ ձևերը, որ հիմա անում են, այլընտրանք չունի: Եթե դու քաղաքականության մեջ ես, դու պետք է լինես էս դահլիճում, եթե դու քաղաքականությունից դուրս ես, ապա դու էս դահլիճից դուրս ես: Իրանց լուսանցքում են հայտնվել և ներսում իրենք ունեն լուրջ քննադատություն և լուրջ քննարկումներ, որովհետև, պնդում եմ, սա ինֆորմացիա է, այլ ոչ թե կարծիք, մի մասն ասում է՝ «եկեք վերադառնանք», մի մասն ասում է, «որ մենք վերադառնանք, շատ վատ կլինի մեզ», և այդ քննարկումները շարունակվում են: Եթե մինչև տարվա վերջ իրենք չվերադառնան ու կոնկրետ պատգամավորների բացակայությունների չափն անցնի թույլատրելին, վստահ եմ, որ Սահմանադրական դատարանը ճիշտ որոշում կկայացնի և իրենց կփոխարինեն այն պատգամավորները, որոնք հասկանում են, որ պատգամավորը Ազգային ժողովում աշխատելու համար է», - ընդգծեց Սիմոնյանը:

Խորհրդարանի նիստին զուգահեռ ընդդիմությունն այսօր նախաձեռնել էր «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով հանրային քննարկում, որի ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ խորհրդարան կվերադառնան միայն իրենց օրակարգով, որը վարչապետ Փաշինյանի հեռացումն է: Մանդատների զրկվելու հնարավոր գործընթացին մասին էլ ասաց՝ մանդատ իրենց ոչ թե իշխանությունը, այլ ժողովուրդն է տվել։

«Ահա այսպիսի ձևաչափերն են, որ, ի վերջո, դառնում են ճգնաժամային իրավիճակներին լուծում տվող ու այդ լուծումները իրական, քաղաքական ու ազգային օրակարգ դարձնող կենտրոններ, որոնք անհրաժեշտ պահին կարող են նաև առաջնորդողի դերակատարում ստանձնել», - ասաց Սաղաթելյանը:

Ընդդիմադիրները սկսեցին բոյկոտել ԱԺ նիստերը մայիսից՝ Արցախի կարգավիճակի նշաձողը իջեցնելու մասին՝ վարչապետ Փաշինյանի հայտարարությունից հետո։ Վրաններ տեղադրեցին Երևանի կենտրոնում գտնվող Ֆրանսիայի հրապարակում և ամենօրյա փողոցային պայքար սկսեցին։ Մեկուկես ամիս հետո հայտարարեցին մարտավարությունը փոխելու մասին և դադարեցրին նստացույցը։ Հավաքների թիվն էլ պակասեց։

Այսօր ընդդիմադիրների այսպես կոչված այլընտրանքային ԱԺ նիստին պատգամավոր Արամ Վարդևանյանն ասաց՝ մինչև բոյկոտը ակտիվորեն մասնակցել են խորհրդարանական աշխատանքներին և դա որևէ արդյունք չի տվել, քանի որ Հայաստանը ժողովրդավարական երկիր չէ:

«Ես չեմ տեսել եվրոպական մի երկիր, որտեղ պատգամավորը պարզապես իր խոսքն է ասում, որևէ վիրավորական արտահայտություն չի անում, և անվտանգության աշխատակիցները գալիս են հենց այդ ամբիոնից իրեն քաշում, ներքև են իջեցնում», - նշեց Վարդևանյանը:

Ընդդիմադիրները՝ «Հայաստան» խմբակցությունը ողջ կազմով, «Պատիվ ունեմ»-ի մեծամասնությունը անցած նստաշրջանի վերջում հայտնվել էին մանդատները կորցնելու վտանգի առջև՝ անհարգելի բացակայությունների թույլատրելի շեմը հատելու պատճառով։ Այն ժամանակ իշխանությունը սպառնաց, բայց չսկսեց ընդդիմադիրներին մանդատներից զրկելու գործընթաց, չբացառելով, որ դա կանի այս նստաշրջանին։

«Իրենց օրակարգով մնացել են միայնակ, բարի երթ, ես իրենց ասել եմ, որ իրենք այլընտրանք չունեն, պետք է վերադառնան դահլիճ: Հիմա, որ դատավոր ենք ընտրում Սահմանադրական դատարանի, դա պետության հետ կապ չունի՞, երբ որ մենք սահմանների մասին օրենք ենք ընդունում, դա երկրի հետ կապ չունի՞, իրենց օրակարգը ո՞րն է, նախկին իշխանավորներին քրեական հետապնդումներից փրկե՞լն է իրենց օրակարգը», - ասաց Ալեն Սիմոնյանը:

Հուլիսին Ազգային Ժողովի իշխանական պատգամավորների փակ-գաղտնի քվեարկությամբ, Իշխան Սաղաթելյանին հետ կանչեցին Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնից և դադարեցրեցին Վահե Հակոբյանի լիազորությունները Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ հիմնավորումը դարձյալ բացակայությունն էր։ ԱԺ այս որոշումից շատ չանցած ընդդիմադիր մյուս պատգամավորները ևս որոշեցին հրաժարական տալ հանձնաժողովներում իրենց պաշտոններից։ Իսկ շաբաթներ անց մանդատը վայր դնելու և «Պատիվ ունեմ» դաշինքից դուրս գալու մասին հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

Այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խոսում էր ընդդիմության ներսում պառակտումների մասին:

Ընդդիմադիրներին մանդատից զրկելու հարց ԱԺ խորհրդում դարձյալ կարող է քննարկվել միայն նստաշրջանի ավարտից հետո, իսկ վերջնական որոշում կարող է կայացնել Սահմանադրական դատարանը։

XS
SM
MD
LG