Մատչելիության հղումներ

Փաշինյանը հույս ունի Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել Ռուսաստանի օգնությամբ


«Հայաստանը հույս ունի, որ Թուրքիայի հետ հարաբերությունները հնարավոր կլինի կարգավորել Մոսկվայի օժանդակությամբ», - այսօր Վլադիվոստոկում մեկնարկած Արևելյան տնտեսական համաժողովի ընթացքում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Թուրքիայի հետ երկխոսությունն արդեն մեկնարկել է։ Մենք հույս ունենք Ռուսաստանի օգնությամբ կարգավորել հարաբերությունները», - «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, ասել է Փաշինյանն՝ անդրադառնալով նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին։

«Ադրբեջանի հետ ինտենսիվ խոսակցություն է ընթանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության առթիվ։ Մենք հույս ունենք, որ Ռուսաստանը, ոչ միայն որպես մեր ռազմավարական դաշնակից, այլև Ադրբեջանի շատ մոտ գործընկեր, կօժանդակի այդ հարցում։ Ադրբեջանի համար դա ևս հնարավորություններ է ստեղծում», - հայտարարել է Հայաստանի վարչապետը։

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը վերջին անգամ հանդիպել են օգոստոսի 31-ին Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։ Հանդիպումից հետո կողմերը հայտարարեցին, որ առաջընթաց կա, որ պայմանավորվել են արտգործնախարարների մակարդակով շարունակել բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ։ Այդ նպատակով Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն առաջիկա մեկ ամսվա ընթացքում պետք է հանդիպեն։

XS
SM
MD
LG