«Ամենածանր ձմեռը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետ», - արևմտյան մամուլը նման մռայլ գույներով է բնորոշում Եվրոպայի բնակչության և քաղաքական ղեկավարության սպասելիքները առաջիկա ամիսներից։
Այն, որ եվրոպացիների այս մտավախությունները բացարձակապես չափազանցված չեն պարզ դարձավ անցած շաբաթավերջին, երբ ռուսական «Գազպրոմը» դադարեցրեց գազի մատակարարումը «Հյուսիսային հոսք 1» գազատարով։ Եվրոպական, նախևառաջ գերմանական շուկա տարեկան 55 միլիարդ խորանարդ մետր գազ մատակարարող խողովակաշարով վառելիքի արտահանման դադարեցումը պաշտոնական Մոսկվան բացատրում է տեխնիկական խնդիրներով։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր Վլադիվոստոկում նշել է, որ խողովակաշարում ծագած այդ խնդիրները հնարավոր չէ հաղթահարել Արևմուտքի կողմից «Գազպրոմի» դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով։
«Հյուսիսային հոսքի» շահագործման դադարեցումն առաջին հերթին հարվածում է ԵՄ առաջատար պետության՝ Գերմանիայի տնտեսությանը։ Դա է պատճառը, որ Օլաֆ Շոլցի կառավարությունը ստիպված էր շուտափույթ կերպով ճշգրտումներ մտցնել դեռ տարիներ առաջ հաստատված էներգետիկ ռազմավարության մեջ, որի առանցքային դրույթը հրաժարումն էր ատոմային էներգիայից։
«Գերմանիայի հարավում գտնվող երկու ատոմակայանները, որոնք նախատեսված էր փակել դեկտեմբերի 31-ին, կշարունակեն գործել մինչև հաջորդ տարվա ապրիլի կեսերը՝ որպես էներգիայի ռեզերվայի աղբյուրներ», - նախօրեին հայտարարում էր Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը։
Իսկ բնական գազի գրեթե անխուսափելի պակասորդը Բեռլինում մտադիր են լրացնել սեփական էներգետիկ պաշարներից զուրկ արևմտյան հարևանի՝ Ֆրանսիայի օգնությամբ։
«Առաջիկա շաբաթներին և ամիսներին մենք ավարտին կհասցնենք գազատրասնպորտային համակարգերի անհրաժեշտ միացումները, որոնք թույլ կտան մեզ գազ մատակարարել Գերմանիա՝ եթե ձմռան ամիսներին դժվարություններ իր հայտ գան, և Գերմանիան զգա այդ վառելիքի կարիքը», - հայտարարում է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը։
Ֆրանսիական շուկա գազի հիմնական մատակարարներն են Նիդերլանդները, Նորվեգիան և Ռուսաստանը։ Այժմ Փարիզում հույս ունեն ռուսական գազը փոխարինել Ալժիրում արդյունահանված վառելիքով։ Օգոստոսի վերջին Մակրոնը նույնիսկ մեկնել էր նախկին ֆրանսիական այս գաղութ՝ փորձելով երկրի ղեկավարության հետ պայմանավորվածություն ձեռք բերել Եվրոպա մատակարարվող գազի ծավալների ավելացման շուրջ։ Արևմտյան մի շարք աղբյուրների փոխանցմամբ, սակայն, Մակրոնին Ալժիրում այդպես էլ չէր հաջողվել որևէ հստակ պայմանավորվածություն ձեռք բերել։ Դա էր թերևս պատճառը, որ երեկ արդեն Ալժիր ժամանեց ԵՄ խորհրդի նախագահ Շարլ Միշելը։
«Հաշվի առնելով միջազգային ասպարեզում ստեղծված և բոլորիս հայտնի կացությունը, էներգետիկ համագործակցությունը սուր անհրաժեշտություն է դառնում։ Մենք Ալժիրը դիտարկում ենք որպես էներգիայի վստահելի և լոյալ մատակարար, որը հավատարիմ է էներգետիկ համագործակցության գաղափարին», - Ալժիրի նախագահի հետ բանակցություններից հետո հայտարարում էր Շարլ Միշելը։
Եվրոպական որոշ քաղաքներում մարդիկ պահանջում են զսպել էներգակիրների գնի աճը
Եվ մինչ եվրոպական կառավարությունները տենդագին կերպով փորձում են մեղմել էներգետիկ ճգնաժամի հնարավոր աղետալի հետևանքները, սոցիալական լարվածությունը ԵՄ տարածքում գնալով աճում է։ Շաբաթ օրը շուրջ 70 հազար մարդ էր փողոց դուրս եկել Չեխիայի մայրաքաղաքում` կառավարությունից պահանջելով զսպել էներգակիրների սակագների կտրուկ աճն ու կուրորեն չհետևել ԵՄ պահանջներին՝ մասնավորաբար Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցում։
Վերջին մի քանի օրերին հարյուրավոր մարդիկ էին հավաքվել Բեռլինում և Լայպցիգում։ Գերմանիայի Ձախերի կուսակցության նախաձեռնությամբ կազմակերպված այս հանրահավաքների մասնակիցները ևս պահանջում էին զսպել էներգակիրների գնի թռիչքաձև աճն ու կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ։
«Մենք կատաղի տնտեսական պատերազմ ենք սկսել Ռուսաստանի դեմ։ Դա, սակայն, ոչ նպաստել է ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցմանը, ոչ էլ վնասել է Ռուսաստանին։ Փոխարենը տուժել են միլիոնավոր գերմանացիներ», - հայտարարում է Բունդեսթագում Ձախերի կուսակցության խմբակցության անդամ Սևիմ Դաղդելենը։
Մեծ Բրիտանիայում ևս էներգակիրների գնի թռիչքաձև աճը շարունակվում է։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 1-ից միջին տնային տնտեսությունը էլեկտրականության և գազի համար ստիպված է լինելու տարեկան շուրջ 3600 ֆունտ կամ ավելի քան չորս հազար դոլար վճարել։ Նման իրավիճակում բրիտանական առաջատար հեռուստաընկերություններից մեկը`ITV-ն նույնիսկ մի վիճակախաղ է սկսել հեռարձակել, որի գլխավոր մրցանակը չորս ամսվա կոմունալ ծախսերի փոխհատուցումն է։
Եվ մինչ Արևմուտքն ու Ռուսաստանն ավելի ու ավելի են ընկղմվում էներգետիկ պատերազմի մեջ՝ համաեվրոպական ճգնաժամի պատճառ հանդիսացած Ուկրաինայի ղեկավարները շարքայի եվրոպացիներին միայն մեկ խորհուրդ են տալիս՝ «դիմացեք»։
«Այս պատերազմը հանուն սառնարանի կամ կոմունալ վճարների չէ։ Սա պատերազմ է հանուն մայրցամաքում ժողովրդավարության և ազատության», - Բրյուսել կատարած այցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը՝ ԵՄ երկրների բնակիչներին կոչ անելով չհոգնել ռուս-ուկրաինական պատերազմից։ «Այդ հոգնածությունը, Ուկրաինային միայնակ թողնելը կդառնա Եվրոպայի խորքը Ռուսաստանի ներթափանցման առաջին քայլը», - հայտարարել է ուկրաինական կառավարության ղեկավարը։