Մատչելիության հղումներ

Կանադան Գերմանիային ևս 5 տուրբին կփոխանցի «Հյուսիսային Հոսք»-ի համար


Կանադան Գերմանիային կփոխանցի ևս 5 տուրբին` «Հյուսիսային Հոսք» գազատարի համար, հայտարարել է Կանադայի արտգործնախարարը։

Կանադայի կառավարությունը տուրբինների վերադարձը անհրաժեշտ քայլ է համարել Գերմանիա գազամատակարարումն ապահովելու համար։

Հուլիսին Կանադայի իշխանությունները, Բեռլինի խնդրանքով, թույլատրել են Մոնրեալում տեխնիկական սպասարկում անցնող մեկ տուրբին ուղարկել Գերմանիա՝ «Գազպրոմին» փոխանցելու համար։ Ռուսական կողմն այն չի ընդունել՝ պատճառաբանելով տեխնիկական խնդիրները։ Ուկրաինան կոչ է արել Կանադային՝ չվերադարձնել տուրբինները և Ռուսաստանին մեղադրում է Գերմանիային շանտաժի ենթարկելու մեջ։

Գազատարի համար անհրաժեշտ տուրբինները արտադրվում և վերանորոգվում են Կանադայում։ Դրանցից մեկը կանադական գործարան էր ուղարկվել վերանորոգման մինչև Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների կիրառումը։ Պատժամիջոցներից հետո Օտտավան նախ հրաժարվել է տուրբինը վերադարձնել Ռուսաստանին, ապա, գերմանական կողմի հորդորներից հետո, համաձայնել է։

Հունիսին «Գազպրոմը» հենց այդ տուրբինի բացակայությամբ է պատճառաբանել Եվրամիությանը մատակարարվող գազի մոտ 40 տոկոսի կրճատումը։ Հուլիսին «Գազպրոմը», դարձյալ տեխնիկական պատճառաբանությամբ,դադարեցրել է գազամատակարարումը, ապա վերականգնել միայն 20 տոկոսը։

Ակնկալվում է, որ օգոսոտոսի 31-ից սեպտեմբերի 2-ը «Գազպրոմը» դարձյալ, տեխնիկական սպասարկման պատճառաբանությամբ, կդադարեցնի գազամատակարարումը։

Գերմանիայում և Եվրամիությունում կարծում են՝ Ռուսաստանն օգտագործում է գազային մահակը՝ Ուկրաինային իրենց աջակցությանն ի պատասխան։

XS
SM
MD
LG