Մատչելիության հղումներ

Երևանից ստանալով ինչ այս փուլում ցանկանում էր՝ Բաքուն վերսկսում է բանակցությունները. քաղաքագետ 


Բրյուսել- Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի հանդիպումը՝ Տոյվո Կլաարի մասնակցությամբ, 19-ը օգոստոսի, 2022թ.
Բրյուսել- Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի հանդիպումը՝ Տոյվո Կլաարի մասնակցությամբ, 19-ը օգոստոսի, 2022թ.

Հայաստանից ստանալով ինչ այս փուլում ցանկանում էր՝ Բերձորն ու հարակից բնակավայրերը, Բաքուն պատրաստ է շարունակել բանակցությունները Երևանի հետ՝ այսօր «Ազատության» հետ զրույցում քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն այսպես մեկնաբանեց հայ-ադրբեջանական վերսկսված բանակցությունները։

«Այսինքն՝ այդ էսկալացիայի արդյունքում Բերձորից ու Աղավնոյից հայկական բնակիչների դուրսհանման պահանջի կատարումը ստանալով պատրաստ է վերսկսել բանակցային գործընթացը: Այդ առումով, ես կարծում եմ, որ մինչև ամսվա վերջ պետք է ակնկալել նաև Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հանդիպումը, որը մեծ հաշվով կվերականգնի այն բանակցային գործընթացը, որը գոյություն է ունեցել շաբաթներ կամ ամիսներ առաջ՝ Եվրամիության միջնորդությամբ», - ընդգծեց Գրիգորյանը:

Տիգրան Գրիգորյան
Տիգրան Գրիգորյան

Երեք ու կես ամսվա ընդմիջումից հետո՝ երեկ Բրյուսելում կայացավ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի՝ արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը՝ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի մասնակցությամբ։

Հանդիպման մասին Twitter-ի իր էջում կարճ տեղեկություն հաղորդած եվրոպացի դիվանագետը մանրամասներ չի հայտնել բանակցությունների օրակարգի ու արդյունքների վերաբերյալ՝ ընդամենը գրելով «լավ և բովանդակային» քննարկման մասին։

Հանդիպումից մեկ օր անց էլ բրյուսելյան բանակցությունների մասին ոչինչ չեն հաղորդում Հայաստանի Անվտանգության խորհուրդը, Ադրբեջանի նախագահի աշխատակազմն ու Հաջիևը։

Արմեն Գրիգորյանի աշխատակազմը այսօր չարձագանքեց «Ազատության» հեռախոսազանգերին։

Գրիգորյան-Հաջիև նախորդ՝ մայիսի սկզբին կայացած հանդիպումը ևս Կլաարի միջնորդությամբ էր։ Նախատեսվում էր հաջորդն անցկացնել հունիսի վերջին, սակայն ըստ վարչապետ Փաշինյանի, Բաքուն էր հրաժարվել հանդիպումից։

Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան

«Այսօր այդպիսի մի հանդիպում նախատեսված էր, բայց ադրբեջանական կողմը հրաժարվել է այդ հանդիպմանը մասնակցել: Այդ հանդիպումը նախատեսված էր Բրյուսելում՝ մեր կողմից Անվտանգության խորհրդի քարտուղարի և Ադրբեջանի նախագահի խորհրդականի մակարդակով», - նշել է վարչապետը:

Մայիսի վերջին Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ՝ դարձյալ Բրյուսելում կայացավ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների երրորդ հանդիպումը, որի արդյունքում Շառլ Միշելը հայտարարեց, թե հուլիսին կամ օգոստոսին անցկացվելու է չորրորդը։ Սակայն հայ-ադրբեջանական հանդիպումների փոխարեն՝ օգոստոսի սկզբին Արցախում վերսկսվեցին մարտական գործողությունները, որոնց հետևանքով հայկական կողմը համաձայնեց մինչև օգոստոսի 25-ը հանձնել Բերձորը, Աղավնոն ու Սուսը։

Արցախում հայկական զինված ուժերի մնալու հարցն, ըստ քաղաքագետի, կարող է առաջիկայում նոր լարվածության պատճառ հանդիսանալ

Տիգրան Գրիգորյանի կարծիքով, հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգի կետերից Արցախում հայկական զինված ուժերի մնալու հարցն է, որ կարող է առաջիկայում նոր լարվածության պատճառ հանդիսանալ։

«Շարունակում է ակտուալ մնալ, ադրբեջանական ձևակերպումով, Հայաստանյան զորքերի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից, որի տակ նրանք հասկանում են նաև Պաշտպանության բանակի զինաթափման խնդիրը, այսինքն, ես կարծում եմ՝ մոտակա ամիսների ընթացքում կարելի է ակնկալել նաև նոր ռազմական էսկալացիա այդ նպատակին հասնելու համար», - նշեց Գրիգորյանը:

Առայժմ հայտնի չէ՝ երբ են հանդիպելու Փաշինյանն ու Ալիևը

Ռուսաստանի արտգործնախարարության տեղեկատվության և տպագրության դեպարտամենտի փոխտնօրեն Իվան Նեչաևը նախորդ շաբաթ հայտարարեց, թե ծրագրում են մինչև օգոստոսի վերջ Մոսկվայում կազմակերպել հայ-ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպում։ Ռուս դիվանագետը մանրամասներ չհայտնեց։

Իվան Նեչաև
Իվան Նեչաև

Առ այսօր նորություն չկա ռուսական միջնորդությամբ հնարավոր այդ հանդիպման մասին։

Ադրբեջանի իրենց գործընկերների հետ հնարավոր հանդիպումների մասին Հայաստանի վարչապետի աշխատակազմն ու Արտգործնախարարությունը «Ազատության» հարցումներին արձագանքել են, թե կառավարության ղեկավարի ու նախարարի հանդիպումների վերաբերյալ պատշաճ կտեղեկացվի։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից երեկ «Ազատությանը» վերահաստատեցին, որ սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հայ-ադրբեջանական հանձնաժողովների հաջորդ հանդիպումը նախատեսված է մինչև օգոստոսի վերջ Մոսկվայում, սակայն «ձևավորված հարցերի առանձին օրակարգ այս պահին որոշված չէ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG