Մատչելիության հղումներ

«Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում որևէ ինքնավարության զիջում թույլ չենք տալու»․ Արսեն Թորոսյան


Պաշտոնական Երևանի դիրքորոշումը հստակ է՝ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում որևէ ինքնավարության զիջում չի լինելու՝ լինի դա ճանապարհ, թե այլ գոտի, «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ Երևանը տեղի տա միջանցքի հարցում։

Ընդգծելով, որ Հայաստանը կողմ է հարևանների հետ կարգավորումների շրջանակներում բացվող սահմաններին, կոմունիկացիաներին՝ Թորոսյանը շեշտեց՝ դրանք պետք է տեղի ունենան Հայաստանում գործող օրենքների շրջանակներում։

Արսեն Թորոսյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

«Ազատություն»․ - Պարոն Թորոսյան, Դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ Երևանն, ի վերջո, տեղի տա միջանցքի հարցում, եթե Ադրբեջանը հիմա էլ այս նոր ճանապարհ-միջանցքը և անցնող հայերին հանգիստ չտա և ասի՝ «այստեղ էլ ես պիտի անցակետեր տեղադրեմ, եթե դուք Սյունիքում դնելու եք դա»։

Թորոսյան․ - Մեր դիրքորոշումը բոլոր մակարդակներում հնչեցված՝ վարչապետ, արտգործնախարարություն, շատ հստակ է, որ մեր միջազգայնորեն ճանաչված սահմաններում որևէ ինքնավարության զիջում, որևէ հատվածի վրա, կլինի դա ճանապարհ, թե ինչ-որ այլ գոտի, մենք թույլ չենք տալու, բայց միևնույն ժամանակ մենք կողմ ենք մեր հարևանների հետ կարգավորումների շրջանակներում բացվող սահմաններին, կամ բացվող կոմունիկացիաներին, և այստեղ որևէ այլ կարծիք լինել չի կարող, մենք պետք է պայմանավորվենք, թե ինչպես պետք է տեղի ունենա այդ անցումը՝ մեր օրենքների շրջանակներում միջազգային համաձայնագրեր կան մաքսային սահմանհատումների վերաբերյալ ու դրա շրջանակներում թույլ տանք որպեսզի Ադրբեջանի արևմտյան հատվածները կապվեն Նախիջևանի հետ և, միաևնույն ժամանակ, մեզ համար էլ բացվեն այլընտրանքային ճանապարհներ Իրան կամ Ռուսաստան՝ Ադրբեջանի միջոցով։

«Ազատություն»․ - Իսկ ռուսների ուղեկցությամբ դրվագը, պարոն Թորոսյան։

Թորոսյան․ - Ռուսների ուղեկցության դրվագը եռակողմ հայտարարության մեջ նշված է, դա էլ է քննարկման առակա, թե դա ինչպես պետք է տեղի ունենա, բայց այնուամենայնիվ ճանապարհը պետք է լինի սուվերեն հայկական ճանապարհ։

«Ազատություն»․ - Ի դեպ, դուք ընդունո՞ւմ եք քննադատությունը, որ ժամանակին ճանապարհը չկառուցեցիք այն դեպքում, երբ Ադրբեջանը դա շատ ինտենսիվ անում էր, և ահա բանը հասցրեցիք բախումների, զոհերի, հետո մի քանի օրում տվեցիք այդ ճանապարհը։

Թորոսյան․ - Ես չէի ուզենա, ճիշտն ասած, այդպես գնահատեինք, որ մենք ինչ-որ բան չէինք ուզում, հետո ուզեցինք։ Մենք այնուամենայնիվ հետևում ենք ստորագրված հայտարարության տեքստին և ոգուն, և պատրաստ ենք մեր կողմից ստանձնած պարտավորությունները կատարել։ Բայց լինում են նաև իրավիճակներ, սրացումներ, որոնք կարծես պետք է տեղում կառավարվեն, օրինակ, հրդեհ է վառվում, պետք է տեղում հրդեհը հանգցնել։ Հրդեհը հաճախ դու չես վառում, վառում է ուրիշը, բայց դու ստիպված պետք է հանգցնես՝ էլի հաշվի առնելով, թե՛ ռեգիոնալ կոնյուկտուրան, թե՛ աշխարհաքաղաքական կոնյուկտուրան և թե՛ հանգցնելու գործում դու ինչ աջակիցներ կամ դաշնակիցներ ունես։

Մենք փաստացի հանգցրեցինք այդ հրդեհը՝ հնարավորինս քիչ կորուստներով։ Ես չեմ ասում առանց կորուստների։ Այստեղ պետք է էլի հուզականությունը կողքի դնելով ֆիքսենք, որ այնուամենայիվ սրա մասին թեկուզ ուրիշ ժամանակային ինտերվալով, բայց այնուամենայնիվ պայմանավորվածություն եղել է եռակողմ հայտարարության մեջ և դա միևնույն է պետք է իրագործվեր։

Այսօր երեկոյան 8:00-ից Լաչինի միջանցքը փակվում է հայերի համար։ Հայաստան - Արցախ երթուղին կկազմակերպվի ժամանակավոր ճանապարհով, որը շրջանցում է Աղավնո-Բերձորն ու Արցախ տանում Շուշիի Բերդաձորի ենթաշրջանի գյուղերով։ Ժամանակավոր այս ճանապարհն էլ կգործի միջանցքային տրամաբանությամբ։ Այժմ ռուս խաղաղապահ զորակազմը նոր հենակետեր է տեղադրում։ Այս ճանապարհը կգործի մինչև գարուն, երբ պատրաստ կլինի միջանցքին փոխարինող հիմնական՝ Կոռնիձորով ճանապարհը։

Բերձոր քաղաքը, Աղավնոն ու Սուսն Ադրբեջանին են անցել 44-օրյա պատերազմից հետո ստորագրված 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն։ Ադրբեջանի զինուժը երեք բնակավայրերում վերահսկողություն է սահմանել անցած շաբաթավերջից։ Ադրբեջանական կողմը հայտարարում է երեք բնակավայրերը վերաբնակեցնելու ծրագրի մասին։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG