Աղավնոյի բնակիչներին արգելում են գյուղ մտնել: Մելինե Բաղդագուլյանն ամուսնու, երեխաների հետ այսօր որոշել էր կես ժամով վերադառնալ, հրաժեշտ տալ իր 4 երեխաների ծննդավայրին: Նրանք գյուղից օրեր առաջ են Գորիս տեղահանվել:
«Ռուսը թույլ տվեց, նույնիսկ կրկնակի զեկուցեց իր կամանդիրին, որ ընտանիքով են: Ասաց` քանի՞ րոպեով եք մտնում, ասացի` ամենաշատը կես ժամով ենք, մտնում ենք, գյուղում ֆռռանք ու դուրս գանք: Իրենք թույլ տվեցին, իսկ Ստեփանակերտի ոստիկանները թույլ չտվեցին», - «Ազատությանն» ասաց նա:
Հարցին` ինչպե՞ս է հիմնավորվել մուտքի արգելքը, նշեց. «Թույլ չեն տալիս, վերջ, մարդ չպիտի մտնի գյուղ»:
Մելինեին ամենաշատը վիրավորել է այն, որ իր ընտանիքի ճանապարհը փակել են ոչ թե ռուսները կամ ադրբեջանցիները, այլ հայ ոստիկանները: Հիշում է ռուսների քմծիծաղը:
«Դուրս գալուց, որ մեքենան պտտվեց, դուրս գայինք, ռուսը քմծիծաղով, այնքան վիրավորական էր: Ինչքան ամոթ է, իրոք ամոթ է», - պատմեց նա:
Աղավնոյի ավարտվող անցուդարձին հետևել են գյուղի բարձունքից. «Դե ասել են` էսօր վերջին օրն է, վերևից էլ գյուղին նայեցինք: Սկեսուրենքս էլ երևի վերջին մեքենան էին արդեն, վեշը բարձում էին»:
Բնակիչներից Էմմա Իսախանյանն էլ ապշած է` իր ու գյուղի դուռը փակողների օրացույցները տարբե՞ր են. «23-ն է, ինչքան գիտեմ: Հլը 24 կա, 25-ին արդեն նոր փակելու են ճանապարհը», - հիշեցրեց նա:
Նրա որդին այսօր Աղավնո ուտելիք էր փորձում հասցնել իրերը հավաքող ընտանիքին. «Իմ տղան հացը սարքեցին, որ տանեն, գոնե հաց ուտեին, մինչև էդ մարդկանց վեշը բարձեին, հետ գային, հասնեին Երևան, դուրս գան: Ու հիմա բանից պարզվում է, որ չեն թողնել ներս մտնի»:
Արցախի ներքին գործերի նախարարությունից «Ազատությունը» տեղեկացավ, որ ոստիկանները կարգուկանոն ապահովելու առաջադրանք են ստացել: Այդ պատճառով է` արդեն տարհանված մարդկանց մուտքն արգելվում Աղավնո, որ հանկարծ հետ չգան ու տներն այրեն: Երեկ գիշեր էլ մի քանի տղամարդիկ գյուղ են մտել ու կրակի տվել 5 առանձնատներ: Ի դեպ, երկու ընտանիքները, որոնց հետ զրուցել էինք, արդեն իսկ հրդեհել էին իրենց առանձնատները: Այդ նպատակի համար Աղավնո վերադառնալու կարիք չունեին:
Արցախի տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանն է այսօր ֆեյսբուքյան գրառմամբ մի քանի փաստեր շարել` «Բերձորում թալանվել է տրանսֆորմատորների յուղը», Աղավնոյում` օպտիկամանրաթելային մալուխը, Արցախը որոշ ժամանակ մնացել է առանց ինտերնետի, մետաղի ջարդոն «գողացողները տարել են կապի աշտարակները»:
«Մենք և այլ պետական մարմիններ ևս կոչ ենք արել չհրդեհել տները, չքանդել, չթալանել ենթակառուցվածքները: Պետական կառույցներն ավելի շատ ինֆորմացիայի են տիրապետում և որոշումներ ընդունելիս ավելի շատ հանգամանքներ են հաշվի առնում, քան ֆեյսբուքյան ակտիվիստները: Եթե որոշումներն այդպես են ընդունվել, ուրեմն պետք է կատարվեն», - նշել է նախարարը:
Ոչ Հայկ Խանումյանը, ոչ էլ Արցախի իշխանության այլ ներկայացուցիչ, այնուամենայնիվ, չեն մանրամասնում` ովքեր են թալանողները, արդյոք հենց Լաչինի բնակիչները, թե հարևան մարզը: Անպատասխան է մնում նաև հարցը, թե ինչու հարազատ բնակավայրին հրաժեշտ տալ ցանկացող ընտանիքը չպետք է կարողանա գյուղ մտնել:
Այսօր Աղավնոյից հեռացել է վերջին ընտանիքը:
«Մի շաբաթ է` գյուղում մենակ էինք քնում», - ասում է Աիդա Ասատրյանը. «Ես, տղաներս, ամուսինս: Ամեն դեպքում ուրիշ մարդ չեմ տեսել, մենք էինք վերջինը վեշերով, որ դուրս եկանք, ուրիշ մարդ չկար»:
Ընտանիքը տուն չէր գտնում, նաև անասուններ ունեին: Երեկ նրանց հրահանգել են մինչև այսօր առավոտյան ժամը 11-ը հեռանալ գյուղից, զգուշացրել` տարածքում արդեն ադրբեջանցի դիպուկահարներ կան:
Գյուղի հայկական պատմությունն ավարտվում է ժամկետից երկու օր շուտ:
«Եկել էին, որ մոստը հանեին, չէին մտածում, որ գյուղում մարդ կա` դեռ վեշը չի հանել», - ասում է նա:
Աիդա Ասատրյանի ընտանիքը այսօր` քիչ առաջ է Սյունիքի Տեղ գյուղ հասել, Աղավնոյում էլ մարդ չկա, կամուրջն ապամոնտաժող տեխնիկան անցել է գործի:
«Տխուր, տխուր, ասելու չի», - եզրափակեց նա: