Մատչելիության հղումներ

Աղավնոյի բնակիչներն ահազանգում են գույքի տեղափոխման դժվարության մասին


Աղավնոյի և Բերձորի բնակիչներին Արցախի կառավարության խոստացած գումարները տրամադրել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն. ամեն ընտանիք ստացել է 250 հազար դրամ, իսկ միայնակ բնակվողները՝ 125 հազար դրամ: Այս գումարը տարհանման գործը կազմակերպելու համար է:

«Այն մարդիկ, ովքեր այստեղ գույք ունեն, բայց փաստացի այստեղ չեն ապրում, իրենց հավանաբար կօգնենք միայն վառելիքի տրամադրմամբ», - ասաց Քաշաթաղ վարչակազմի ղեկավար Մուշեղ Ալավերդյանը:

Քաշաթաղի վարչակազմի ղեկավարի խոսքով՝ առաջիկա ամիսներին էլ տեղահանված ընտանիքները աջակցություն կստանան՝ ամեն շնչին 70 հազար դրամի չափով։ Բերձորում ու Աղավնոյում 350 հոգով են ապրում: Վերջին օրերին բնակիչներն ահազանգում են գույքի տեղափոխման դժվարության մասին, բեռնատարների վարորդները թվեր են կրակում:

«Մոտավորապես ասում են 250, հիմա մեկն էլ կարող ա ընկեր ունենա, ընկերական գա իրա բեռները տեղափոխի, դա չի նշանակում, որ բոլորի համար նույնն ա», - նշեց Աղավնո համայնքի բնակիչ Մարտիրոս Հակոբյանը:​

Ինչպե՞ս է որ վարորդները գումարի ճիշտ նույն չափն են ասում, որ ստացել են մարդիկ, «ինչ ասեմ, դուք մտածեք», - հորդորում է Մարտիրոս Հակոբյանը:

«Էդ գները, որ դրել են, իմացել են, որ էդ մարդկանց էդքան գումար են տվել, որովհետև ստեղից Երևան առավելագույնը թող 150 հազար լինի, ստացվում ա, որ իրանք 100 հազար ավելի գումար են վերցնում​», - ընդգծեց Աղավնոյի բնակիչը:

Համայնքապետ Անդրանիկ Չավուշյանն ասում է բեռներ փոխադրող որոշ ընկերություններ զանգահարել -օգնություն են առաջարկել. -«Մենք տալիս ենք համարները էդ մարդկանց, ով որ խոսել ա, ամեն մարդ իրա հոգսը պիտի քաշի»:​

Շատերը սեփական մարդատար մեքենաներով են փորձում տեղափոխման գործը գլուխ բերել. - «Ոչ մեկը կանգ չի առնում, ով որ հնարավորություն ունի անգամ մարդատար մեքենայով իրա կարևոր բաները փորձում ա դուրս բերի»:​

Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանն ասում է՝ գույքի տեղափոխման հարցում առայժմ մեծ բեռնատարների կարիք չեն ունեցել, բայց չի մոռանում այն, ինչ տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի ժամանակ: Բերձոր-Երևան սովորաբար 150 հազար դրամ արժեցող բեռնափոխադրումը դարձավ 350 հազարանոց բիզնես:

«Էս պահին մենք իրականում Բերձորում տենց խնդրի չենք առնչվել, հույս ունենամ չենք էլ առնչվի, որովհետև չեմ ուզի մտածեմ, որ ինչ-որ մեկի դժբախտության ֆոնի վրա ինչ-որ մեկը կուզի հարստանա», - ասաց Ալեքսանյանը:​

Աղավնոյից էլ, Բերձորից էլ առայժմ ոչ ոք դուրս չի եկել, բայց ժամանակ շատ չկա. 12 օրից հայերը պետք է հեռանան Լաչինի միջանցքի բնակավայրերից։ Աղավնո, Սուս, Բերձոր համայնքները հանձնվում են Ադրբեջանին: Բնակիչներին արդեն զգուշացրել են՝ օգոստոսի 19-ին ջուրը կանջատվի, 20-ին՝ հոսանքը:

«Քանի որ կան ենթակառուցվածքներ, որ պիտի հանի պետությունը, ամեն մի նախարարություն իրեն պատկանող իրեր պիտի հանի», - ասաց Աղավնոյի համայնքապետը:​

«Ոչինչ՝ մի քանի օր էլ անջուր ու անլույս կապրենք», - հարմարվում է բերձորցի Աննա Մարգարյանը՝ նշելով. - «Պատրաստվել ենք, մոմի լույսի տակ մի քանի օր կմնան, ոչինչ կհիշենք անցյալը, ջուրն էլ եթե հնարավոր կլինի կանեստրներով կբերենք՝ անհրաժեշտ հոգսերը հոգալու համար, մենք էդ պայմաններով ապրել ենք»:

Իսկ բնակարանների գնման վկայագրերի հարցում առայժմ որևէ հստակություն չկա, Աղավնոյում նույնն են պնդում՝ չեն հեռանա, քանի դեռ սերտիֆիկատները չեն տեսել:

«Ասում են՝ կտանք, խաբում են, թե իրոք կբերեն կտան, չգիտեմ: Առաջին օրն ասացին անձամբ բերելու ենք ստեղ տեղում ձեզ տանք ու գնաք, հիմա էլ ձեն չկա», - ասաց համայնքի բնակիչ Լիդա Սմբատյանը:​

Հայաստանի սոցապ նախարարությունից ասում են՝ «Արցախից շահառուների ցուցակը պիտի ստանանք, համադրենք դիմումների հետ, նոր բնակարանի գնման հավաստագիր տանք»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG