Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը շարունակում է աշխատել Երևանի ու Բաքվի միջև համապարփակ և կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ


Միացյալ Նահանգները շարունակում է աշխատել Երևանի ու Բաքվի միջև համապարփակ և կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ, երեկ հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակը՝ անդրադառնալով այս ամսվա սկզբին Արցախում տեղի ունեցած բախումներին, որոնց հետևանքով հայկական կողմը 2 զոհ ունեցավ և 2 տասնյակի հասնող վիրավորներ: Նեդ Փրայսը հիշեցրել է, որ լարվածության ընթացքում պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ:

«Մենք հորդորել ենք անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու համար և խուսափել կողմերի միջև հետագա սրացումներից։ Լարվածության վերջին աճը, կարծում ենք, ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող մնացած հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը։ Ու թեև ականատես եղանք լարվածության թեժացման ու բռնությունների, բայց կշարունակենք հանձնառու մնալ կողմերի հետ մեր աշխատանքին», - նշել է Փրայսը։

Վաշինգտոնը շարունակելու է աշխատանքը նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր

Բաքվից հնչող շարունակական հայտարարությունների ֆոնին, թե ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, իսկ Մինսկի խումբն այլևս գոյություն չունի, Պետքարտուղարության խոսնակը կրկին շեշտել է, որ Վաշինգտոնը շարունակելու է աշխատանքը նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ օգնելու կողմերին հասնել երկարաժամկետ համապարփակ խաղաղության:

«Մենք կշարունակենք դա անել ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության համախոհների հետ և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր` օգնելու երկրներին հասնել երկարաժամկետ համապարփակ խաղաղության», - շեշտել է նա:

Բախումներից օրեր առաջ Միացյալ Նահանգների պետքարտուղարը հայտարարել էր, թե «Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա»։ Առաջընթացի փոխարեն, սակայն, կողմերը հաղորդել էին հրադադարի խախտումների ու երկուստեք զոհերի մասին։

«Այդ զարգացումներից հետո Վաշինգտոնը դեռ տեսնո՞ւմ է խաղաղության պատմական հնարավորություն», - հարցրել է լրագրողը։

«Անշուշտ, տեսնում ենք՝ չնայած հետընթացին։ Մենք միշտ գիտակցել ենք, որ սա ուղիղ գծով զարգացող գործընթաց չի լինելու։ Հավատում ենք, որ շարունակվող երկխոսությամբ, այդ թվում՝ բարձր մակարդակի շփումներով, կարողանանք օգնել երկարաժամկետ և համապարփակ խաղաղության առաջխաղացմանը», - արձագանքել է Նեդ Փրայսը:

Պետդեպարտամենտի խոսնակը, սակայն, չի հստակեցրել, թե ինչն է Վաշինգտոնին նման լավատեսության հիմք տվել։ Հայտնի է, որ վերջին լարվածությունից հետո Միացյալ Նահանգների պետքարտուղարը ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների, այլև Թուքիայի արտգործնախարարի հետ էր զրուցել։

«Միացյալ Նահանգները շատ է կարևորում նաև հայ-թուրքական հաշտեցման գործընթացը»,- շաբաթներ առաջ «Ազատությանը» տված հարցազրույցում ասել էր Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին` ընդգծելով, որ այս ուղղությամբ առաջընթացը դրական կարող է ազդել նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա։
«Դուք ականատես եք` դիվանագիտական մեծ ներգրավվածություն կա, և ոչ միայն Միացյալ Նահանգներից: Եվրոպական միության մեր գործընկերները ևս ներգրավված են, ինչպես նաև այլք։ Եվ ես կարծում եմ, որ դա շատ օգտակար է այս թափը պահպանելու համար և հասկանալու, որ դրանք բարդ հարցեր են, և լուծումները հեշտ չեն լինի։ Բայց մենք պետք է համառենք», - նկատել էր նա:


Նույն հարցազրույցում ԱՄՆ դեսպանը նաև ասել էր, որ Վաշինգտոնը տեխնիկական աջակցություն է առաջարկում Երևանին և Բաքվին՝ տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման համար։ Թե կոնկրետ ինչ աջակցության մասին է խոսքը, ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը դեռ չեն մանրամասնել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG