Մատչելիության հղումներ

Փայլանը իր դեմ 2016-ին ծրագրված մահափորձի առնչությամբ դիմել է դատախազություն


Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլան, արխիվ
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլան, արխիվ

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Անկարայի գլխավոր դատախազություն: Ընդդիմադիր պատգամավորը պնդում է, որ տարիներ առաջ իր դեմ մահափորձ է կազմակերպվել:

Այս մասին առաջին անգամ խոսել էր Թուրքիայի փաստաբաններից մեկը: Մեհմեդ Սինան Ինջեն օրերս իր սոցիալական հաշիվներից մեկում գրել էր, թե Թուրքիայի հատուկ ջոկատային ուժերի նախկին գնդապետներից մեկը դեռ 2016 թվականին Փայլանի սպանության ծրագիր է ունեցել, որը, սակայն, չի իրագործվել։

Նույն այդ գնդապետը՝ Լևենթ Գյոքթաշը, այժմ կասկածվում է թուրք պատմաբան, մտավորական Նեջիբ Հաբլեմիտօղլուի սպանությունը հրահրելու մեջ: Այդ սպանությունից 6 տարի անց՝ այս տարվա հունիսին, պաշտոնաթող գնդապետի և ևս 9 թուրք զինվորականի ձերբակալության որոշում է կայացվել: Գյոքթաշը, սակայն, չի հայտնաբերվել և այժմ հետախուզման մեջ է:

Ահա այս դեպքերից հետո փաստաբան Մեհմեդ Սինան Ինջեն պնդել է, որ 2016-ին նման ճակատագրի էր արժանանալու նաև Գարո Փայլանը: Նրա պնդմամբ՝ հայազգի պատգամավորի նկատմամբ մահափորձը խորհրդարանում էր ծրագրվել, սակայն վերջին պահին ձախողվել էր: Փաստաբանն այս պնդումները հիմնավորող ապացույցներ կամ փաստեր չի ներկայացրել։ Դատախազությունն, իր հերթին, ոչ մի քայլի չի դիմել՝ պարզելու, թե որտեղից է նա նման տեղեկություն ստացել:

«Այս բացահայտումից երկու շաբաթ անց իրավապահները ոչ մի քայլ չեն ձեռնարկել և հետաքննություն չեն սկսել», - նշել է Փայլանը դատախազություն ներկայացրած հաղորդման մեջ:

Ընդդիմադիր գործիչը թուրքական «Բիանեթ»-ի հետ զրույցում պատմել է, որ իր գործունեության ընթացքում բազմաթիվ սպառնալիքներ է ստացել, բայց ոչ մեկը լուրջ չի ընդունել: «Այս դեպքը, սակայն, այլ է, քանի որ մահափորձը ծրագրված է եղել պետության կողմից: Լևենթ Գյոքթաշին երկրից փախցրել են, բացահայտումների հեղինակ փաստաբանը ևս անհետացել է: Պետության պարտականությունն է գնալ այս հետքերով: Սակայն, ցավոք, ոչինչ չի արվում», - դժգոհել է հայազգի պատգամավորը:

Փայլանը նաև հիշել է Հրանտ Դինքի սպանությունը, որի իրական կազմակերպիչներն այդպես էլ չեն բացահայտվել: «Հրանտ Դինքին և՛ ուզում էին լռեցնել, և՛ որպես խայծ օգտագործել ներքաղաքական պայքարում: Այսօր էլ է նման պայքար, և ալևիները, հայերը կրկին խայծ են ու սադրանքների առարկա: Անցյալում կատարված բազմաթիվ հանցանքների չբացահայտման պատճառով այսօր նման մութ ծրագրեր են արվում», - նշել է նա:

Թուրքական իշխանությունները դեռ չեն արձագանքել սկանդալային բացահայտումներին ու պատգամավորի հաղորդմանը: Փայլանի ընկերները, ի աջակցություն, գրավոր հայտարարություն են տարածել՝ պետական մարմիններին կոչ անելով գործի անցնել:

«Ժողովրդավար երկրներում փորքամասնությունների նկատմամբ հարձակումների մեղավորը մեծամասնությունն է: Սա միայն Գարո Փայլանի խնդիրը չէ, ժողովրդավարացման խնդիր է: Փոքրամասնություններն այս երկրում կարող են ներկայություն ունենալ, միայն եթե ժողովրդավարություն լինի», - իր հերթին ասել է հայազգի պատգամավորը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG