«Թուրքիայում հիմա մենք վերապրում ենք 1915-ի ապրիլի 24-ը։ Թույլ չենք տա ֆաշիստներին կրկին կործանել մեր երկիրն ու մեր երիտասարդությունը», - Թվիթերում գրել է տասնամյակների ընթացքում Թուրքիայի խորհրդարան անցած եզակի հայ պատգամավորներից մեկը՝ Գարո Փայլանը:
Այսօր Էրդողանի վարչակազմը Փայլանի կուսակից ևս մեկ պատգամավորի է ազատազրկել՝ ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատականի ներկայացուցիչ Նիհատ Աքդողանին: Ավելի վաղ՝ անցած շաբաթավերջին, ճաղերի ետևում էին հայտնվել քրդամետ այդ կուսակցության համանախագահներն ու մեկ տասնյակից ավելի պատգամավորներ՝ ահաբեկչությանը աջակցելու մեղադրանքներով:
«Սա ժողովրդավարության վերջն է Թուրքիայում», - երեկ հայտարարեց կուսակցության խոսնակ Այհան Բիլգելը՝ ընդգծելով՝ Թուրքիայի խորհրդարանի մեծությամբ երկրորդ ընդդիմադիր ուժը սառեցնում է օրենսդիր աշխատանքը և կարող է առավել կոշտ միջոցների դիմել, ընդհուպ՝ մանդատները վայր դնել:
Ընդդիմադիր կուսակցության բոյկոտը է՛լ ավելի սրեց Անկարայի հարաբերությունները Արևմուտքի հետ: Ավստրիայի արտգործնախարարն այսօր կոչ է արել Եվրամիությանը վերանայել վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ:
«Վերջին տարիներին Անկարան գնալով ավելի ու ավելի է հեռանում Եվրամիությունից, մինչդեռ մեր մոտեցումները չեն փոխվում, այսպես չի կարող շարունակվել», - հայտարարել է Սեբաստիան Կուրցը:
«Այս մեթոդներով ժամանակին նացիստներն էին գործում», - իր հերթին հայտարարել է Լյուքսեմբուրգի արտգործնախարարը՝ կոչ անելով պաշտոնական Բրյուսելին պատժամիջոցների դիմել: - «Թուրքիայի արտահանման 50 տոկոսը բաժին է ընկնում Եվրամիությանը, Թուրքիայում կատարվող ներդրումների 60 տոկոսը ևս գալիս է եվրոպական երկրներից, սա ճնշման բացառիկ հնարավորություն է», - ասել է Ժան Ասսելբյորնը:
Ավելի վաղ Միացյալ Նահանգները խորը մտահոգություն էր հայտնել ընդդիմադիրների շարունակական ձերբակալությունների կապակցությամբ, Գերմանիան ու Դանիան արտգործնախարարություն են հրավիրել թուրք դիվանագետներին, Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հայտարարել է՝ այս քայլերը «հարցականի տակ են դնում Եվրամիության ու Թուրքիայի միջև կայուն հարաբերությունների հեռանկարը»:
Թուրքիայի նախագահը երեկ բավական կոշտ արձագանքեց այս հայտարարություններին, պնդելով, թե Արևմուտքի քննադատությունն իրեն չի ամենևին չի մտահոգում:
«Մենք լավ գիտենք՝ ովքեր են նրանք, լավ ենք սերտել նրանց պատմությունը: Ես նրանց հետ շփվել եմ 14 տարի շարունակ որպես վարչապետ ու նախագահ, և հիմա նրանք բաց գիրք են ինձ համար: Եվ ամենևին ինձ չի հետաքրքրում՝ բռնապետ են ինձ ասում, թե ինչ... այդ ամենը իմ մի ականջից մտնում է, մյուսով դուրս գալիս», - ասաց Ռեջեփ Էրդողանը:
Ավելին, նա հրապարակավ մեղադրեց Եվրոպային ահաբեկչությանը սատարելու մեջ: «Նրանք զինում են Քրդական աշխատավորական կուսակցությանը», - հայտարարեց Թուրքիայի նախագահը՝ սպառնալով դադարեցնել Արևմուտքի հետ համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում․ - «Վաղը, եթե նրանք խնդրեն արտահանձնել մի ահաբեկչի, որ ձերբակալվել է իմ երկրի տարածքում, ի՞նչ պատասխան են ակնկալում: Արևմուտքը պետք է մտածի այս մասին, ինչպես ասում են՝ ինչ ցանես, այն էլ կհնձես: Այսպե՞ս եք մեզ վերաբերվում՝ մենք էլ նույն կերպ ձեզ կպատասխանենք..․»:
էրդողանի զգացմունքային այս ելույթից հետո՝ այսօր էլ Թուրքիայի Եվրամիության գծով նախարար Օմեր Չելիկն է արտգործնախարարություն հրավիրել Եվրամիության դեսպաններին: Դռնփակ հանդիպումից հետո նախարարը լրագրողներին ասել է․ - «Անկարան հստակ ահազանգեց, որ մենք չենք ընդունում Եվրամիության որդեգրած դիրքորոշումը: Եվրամիության հետ Թուրքիայի հարաբերությունները այժմ շատ փխրուն ժամանակաշրջանում են, անընդհատ մեզ ընդդիմանալը ճիշտ քաղաքականություն չէ, նացիստների հետ համեմատությունն էլ խոսում է պատմական սակավ գիտելիքների մասին»:
Ի դեպ, երեկ ողջ օրվա ընթացքում լուրեր էին պտտվում, թե Էրդողանի վարչակազմը ընդդիմության դեմ սկսած արշավի շրջանակում արգելափակել է նաև Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Գարո Փայլանի ազատ տեղաշարժի իրավունքը: Պատգամավորը երեկ ելույթ պիտի ունենար Մարսելում, սակայն վերջին պահին հետաձգել էր հանդիպումը: Օրվա վերջին, սակայն, Փայլանը համացանցում տեղեկացրեց, թե երկրից չբացակայելու որոշումը կայացրել է ինքը, քանի որ հիմա ներսում իր կարիքը ավելի կա:
Հուլիսյան հեղաշրջման փորձից հետո Էրդողանի վարչակազմը ազատազրկել կամ պաշտոնանկ է արել ավելի քան 110 հազար ընդդիմադիրների, հիմնականում՝ զինվորականներ, ուսուցիչներ, դատավորներ ու լրագրողներ: