Մատչելիության հղումներ

Գարո Փայլանը զրկվել է Մեջլիսի երեք նիստի մասնակցելու իրավունքից


Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը զրկվել է խորհրդարանական երեք նիստի մասնակցելու իրավունքից թուրքական Մեջլիսում Հայոց ցեղասպանության մասին խոսելու համար:

«Անադոլու» գործակալության հաղորդմամբ, նախօրեին Թուրքիայի խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների առաջարկի քննարկման ժամանակ Փայլանը հայտարարել է․ - «1913-1923 թվականների ընթացքում չորս ժողովուրդ կորցրեցինք` հայերը, ասորիները, հույները, հրեաները մեծ կոտորածների և ցեղասպանությունների հետևանքով այս հողերից կա՛մ արտաքսվեցին, կա՛մ փոխանակման ենթարկվեցին»:

Այս հայտարարությունը զայրացրել է դահլիճում ներկա իշխող Արդարություն և զարգացում կուսակցության պատգամավորներին: Խորհրդարանի փոխնախագահ Ահմեդ Այդընը միջամտել է` Փայլանին կոչ անելով ուղղել խոսքը: - «Պարոն Փայլան, խնդրում եմ ուղղեք ձեր խոսքը: Ցեղասպանություն չկա, փոխադարձ ցավալի իրադարձություններ միգուցե եղել են, սակայն դրանք չեք կարող իբրև ցեղասպանություն որակել», - ընդգծել է Այդընը:

Չնայած դահլիճից հնչող արձագանքներին` հայազգի պատգամավորը շարունակել է իր խոսքը. - «Մի ժամանակ մենք բնակչության տոկոսն էինք, այսօր հազարից մեկն ենք: Մեր գլխին մի բան եկել է: Ես այն ցեղասպանություն եմ կոչում, դուք ինչպես ուզում եք կոչեք: Ինչ էլ որ եղել է, եկեք դրան միասին անուն տանք և շարունակենք մեր ուղին»,-ասել է Փայլանը:

Ի պատասխան` Մեջլիսի փոխնախագահը հայազգի պատգամավորից պահանջել է ուշադիր լինել իր գործողություններում` զգուշացնելով, որ նա չի կարող խորհրդարանի ամբիոնը օգտագործել ժողովուրդին վիրավորող արտահայտություններ հնչեցնելու համար: Խորհրդարանում ստեղծված լարված մթնոլորտի պատճառով Մեջլիսի փոխնախագահը ընդհատել է նիստը:

Դադարից հետո Գարո Փայլանի ելույթից վրդովված հայտարարություններով են հանդես եկել իշխող Արդարություն և զարգացում, ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական և Ազգայնական շարժում կուսակցության պատգամավորները: Արդյունքում ցեղասպանություն եզրույթի համար հայազգի պատգամավորը պատժվել է. նա չի մասնակցելու Մեջլիսի երեք նիստի: Ուշագրավ է, որ Փայլանի խոսքերը հանվել են նիստի արձանագրություններից:

Իր համարձակ ելույթներով աչքի ընկնող հայազգի պատգամավոր Գարո Փայլանը թուրքական «T24» կայքին տված հարցազրույցում, խոսելով երեկվա միջադեպի մասին, ասել է, որ իր ելույթով նպատակ ուներ ուշադրություն հրավիրել անցյալի սխալների վրա: Նա նշել է, որ իրեն պատժել են Ազգայնական շարժում կուսակցության պատգամավորների պահանջով:

Ազգայնականները սպառնացել են այլևս չաջակցել սահմանադրական փոփոխություններին, եթե Փայլանը չպատժվի:

«Թուրքիայի ազգային մեծ ժողովում ես բազմիցս օգտագործել եմ ցեղասպանություն բառը և ոչ մի առարկություն չի եղել: Առաջին անգամ էր նման բան տեղի ունենում», - ասել է հայազգի պատգամավորը` հավելելով, որ բողոքարկելու է խորհրդարանի որոշումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG