Մատչելիության հղումներ

Թուրքիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանություն արտահայտությունը կարգելվի


Քվեարկություն Թուրքիայի խորհրդարանում, արխիվ
Քվեարկություն Թուրքիայի խորհրդարանում, արխիվ

Թուրքիայի խորհրդարանի սահմանադրական հանձնաժողովը անցած շաբաթավերջին հավանություն տվեց ներքին կանոնակարգ օրենքի փոփոխություններին, որոնցով արգելվում է խորհրդարանում օգտագործել Հայոց ցեղասպանություն, ինչպես նաև Քուրդիստան կամ քրդական շրջաններ արտահայտությունները:

Կանոնակարգում 17 փոփոխությունների առաջարկը հուլիսի սկզբներին ներկայացրել էին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ու Ազգայնական շարժման պատգամավորները: Երկարատև ու բուռն քննարկումներից հետո սահմանադրական հանձնաժողովը վավերացրեց նախագիծը:

«Ասպարեզ» թերթը հաղորդում է, որ քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության պատգամավորները դուրս են եկել նիստերի դահլիճից՝ բոյկոտելով քվեարկությունը: Այս կուսակցությունից հայազգի պատգամավոր Գարո Փայլանը նախաձեռնությունը կոչել է «իշխող և ազգայնական կուսակցությունների կողմից արված ազգայնական կոալիցիայի առաջարկ»:

Խորհրդարանի ներքին վարքի օրենքի փոփոխություններով նաև պատիժ է սահմանվում օրենքը խախտողների նկատմամբ՝ «թուրք ազգի պատմությունը և համատեղ անցյալը վիրավորած» պատգամավորների գործունեությունը խորհրդարանում ժամանակավորապես կասեցվելու է: Նրանք նաև տուգանվելու են աշխատավարձի մեկ երրորդի չափով:

Օրինագծին դեմ էր նաև քեմալական Ժողովրդա-հանրապետական ընդդիմադիր կուսակցությունը, որի հայազգի պատգամավոր Սելինա Դողանն ասել էր, թե խորհրդարանում փորձ է արվում լռեցնել ազգային փոքրամասնությունների ձայնը: Թուրքիայում հրատարակվող «Ժամանակ» թերթի փոխանցմամբ՝ քննարկումների ժամանակ նա ասել է․ - «Եթե ցեղասպանության մասին խոսողները պետք է պատժվեն Թուրքիայի անցյալը վիրավորելու համար, ապա ինչո՞ւ չպետք է պատժվեն նույն ամբիոնից հայերին վիրավորողները»: Նա շեշտել է, որ եթե փոփոխությունները անպայման պետք է կատարվեն, ապա պետք է պատիժ սահմանվի ոչ միայն թուրքերին, այլև բոլորին՝ նաև ազգային ու կրոնական փոքրամասնություններին վիրավորելու համար: Սելինա Դողանը Թուրքիայի իշխանություններին մեղադրել է ազգային և կրոնական ատելություն սերմանելու մեջ:

Նշենք, որ չնայած անցած տասնամյակների ընթացքում փոփոխությունների բազում փորձերին՝ Թուրքիայի խորհրդարանը մինչև հիմա աշխատում էր 1973 թվականին ընդունված կանոնակարգ-օրենքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG