Շվեդիայի դատարանն այսօր հրապարակած վճռով ցմահ ազատազրկման դատապարտեց իրանցի նախկին պաշտոնյա Համիդ Նուրիին՝ 1988 թվականին քաղբանտարկյալների նկատմամբ գործած հանցանքների համար։
Նուրին ձերբակալվել է 2019 թվականին Ստոկհոլմի օդանավակայանում և մեղադրվում է ռազմական հանցագործությունների մեջ, մասնավորապես՝ 1988-ին Իրանի Քարաջ քաղաքի Գոհարդաշթ բանտում քաղբանտարկյալների զանգվածային մահապատժի և խոշտանգումների համար։
61-ամյա իրանցին հերքում է բոլոր մեղադրանքները։
Շվեդիայի համընդհանուր արդարադատության սկզբունքը թույլ է տալիս երկրի դատարաններին դատել ծանր հանցանքներում՝ այդ թվում սպանությունների, պատերազմական հանցագործությունների համար մեղադրվող անձին, անկախ նրանից, թե որտեղ են տեղի ունեցել ենթադրյալ հանցագործությունները։
2021 թվականի օգոստոսին մեկնարկած դատական գործընթացն առանձնահատուկ նշանակություն ունի Իրանի համար, որի գործող իշխանությունները, նախ և առաջ՝ նախագահ Էբրահիմ Ռաիսին, մեղադրվում են 1988-ին հազարավոր մարդկանց սպանությունների համար: