Ֆինլանդիայի և Շվեդիայի կողմից ՆԱՏՕ-ի անդամակցության արձանագրությունների ստորագրումից մեկ օր անց Անկարան կրկին Ստոկհոլմ ու Հելսինկի է ուղարկել այն մարդկանց անունները, ում ահաբեկիչ է համարում և պահանջում արտահանձնել: Ըստ թուրքական մամուլի, նրանց թվում է նաև անվանի մտավորական Ռագըփ Զարաքոլուն, որը, իշխանությունների հետապնդումներից խուսափելով, արդեն տասը տարի է ապաստանել է Շվեդիայում։
Թուրքիայի արդարադատության նախարարությունը արտաքին գերատեսչության միջոցով 33 մարդու անուն է փոխանցել՝ պահանջելով քննել նրանց գործերը և արտահանձնել: Նախարար Բեքիր Բոզդաղը այսօր պնդել է՝ իրենց ներկայացրած ապացույցներն անհերքելի են. - «Մենք նրանց շատ հստակ փաստաթղթեր ենք ուղարկել՝ իրական ապացույցներով: Դրանք այնքան ճշգրիտ ու անհերքելի են, որ եթե այդ հիմքով արտահանձնում չիրականացվի, ապա չգիտեմ, թե էլ ինչ ապացույց է պետք: Մեր պահանջները համապատասխանում են միջազգային պայմանագրերին, և եթե քաղաքական, այլ ոչ թե իրավական պատճառներով դրանք չկատարվեն, ապա դա կլինի այդ երկրների դիրքորոշումը Թուրքիայի նկատմամբ»:
Ռազմական դաշինքին միանալու համաձայնության դիմաց Անկարան մի շարք պահանջներ էր ներկայացրել Շվեդիային ու Ֆինլանդիային, այդ թվում՝ սերտ համագործակցություն հակաահաբեկչական պայքարում: Թուրքիայի աջակցությունը ստանալու համար սկանդինավյան երկու երկրները խոստացան բավարարել պահանջները, այդ թվում քննել Թուրքիայի կողմից ահաբեկիչ համարվող ավելի քան 30 մարդու գործերը:
Թուրքական մամուլում շրջանառվում է Ֆինլանդիայում ապաստանած 12, իսկ Շվեդիայում 21 մարդու անուն, որոնց Անկարան ներկայացնում է որպես քուրդ ահաբեկիչներ և գյուլենականներ։
Հանրությանը առավել հայտնի դեմքերից մեկը թուրք մտավորական, գրող, հրատարակիչ Ռագըփ Զարաքոլուն է։ 2012-ից Շվեդիայում ապաստանած գործիչը Թուրքիայում մեղադրվում է «ահաբեկչական կազմակերպությանը աջակցելու և քրդական զինված խմբավորումների հետ կապ ունենալու» համար։ Մոտ երկու ամիս առաջ նա շվեդական «Expressen» պարբերականի հետ զրույցում ասել էր՝ եթե Թուրքիա մտնի, անմիջապես կբանտարկվի և շատ երկար բանտից դուրս չի գա:
Թուրք վտարանդի գրողը, սակայն, այն ժամանակ վստահություն էր հայտնել, թե Շվեդիան հավատարիմ կմնա իր սկզբունքներին ու տեղի չի տա Անկարայի ճնշմանը:
Երեկ Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն հայտարարել էր, որ արտահանձման հարցում իրենք առաջնորդվելու են շվեդական օրենսդրությամբ. - «Արտահանձման վերաբերյալ բոլոր դիմումները քննվելու են սովորական կարգով մեր օրենսդրության համաձայն, և ի վերջո Գերագույն դատարանը պետք է որոշում կայացնի, այդպես է եղել վերջին տարիների ընթացքում և նույն կերպ կշարունակվի նաև այս տարի: Բայց, իհարկե, մենք պետք է համագործակցենք տեղեկություն ստանալու համար: Սակայն մեր ունեցած իրավական ճանապարհներից բացի, այլ ուղիներ, ուրիշ ճանապարհներ չեն լինելու»:
Նախօրեին Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել էր, որ Ստոկհոլմի ու Հելսինկիի համար ՆԱՏՕ-ին միանալու հարցը դեռ փակված չէ: Մևլյութ Չավուշօղլուի խոսքով, թուրքական Մեջլիսում նրանց անդամակցությունը կվավերացվի միայն Անկարայի պահանջների լիարժեք կատարման դեպքում: Ռազմական դաշինքի անդամ մյուս բոլոր պետությունների խորհրդարանները ևս պետք է վավերացնեն Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը։ Այս գործընթացը կարող է մինչև մեկ տարի տևել։