Ողբերգական պայթյունի երրորդ օրը իշխանական վերնախավից առաջին արձագանքներն այն մասին են, որ պետք արգելել հրավառությունները և ճայթուկների վաճառքը։ Այսօր նման գրառում է կատարել իշխող կուսակցության քաղաքապետի թեկնածու, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ավելի վաղ՝ պայթյունի հենց հաջորդ օրը, նման գրառում էր կատարել նաև պատգամավոր Արսեն Թորոսյանը։
Մինչ այս պահը որևէ իշխանավոր, սակայն, չի խոսել երկու տասնյակի հասնող զոհերի պատճառ դարձած պայթյունի պատասխանատուների, պետական գերատեսչությունների թերացման և հնարավոր հրաժարականների մասին։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ -ից Դանիել Իոաննիսյանը կարծում է՝ այսպիսի գրառումներով իշխանությունը փորձում է շեղել ուշադրությունը հիմնական խնդրից:
«Խնդրահարույց է, երբ որ խոսակցության թեման անընդհատ շեղվում է: Ոմանք շեղում են, ասում են՝ «ահաբեկչություն էր, ռուսները պայթացրին, Խաչատուր Սուքիասյանը պայթացրեց, էս պայթացրեց, էն պայթացրեց», ոմանք շեղում են, ասում են՝ «ամբողջ խնդիրը նրանում է, որ մեր երկրում հրավառությունները թույլատրված են», ներեցեք, աշխարհի համարյա բոլոր երկրներում կան հրավառությունների պահեստներ: Այդ նույն պահեստում էր նույն տեխնիկան, որը նախատեսված է, օրինակ, սեպտեմբերի 21-ի հրավառության համար, հո սեպտեմբերի 21-ի հրավառությունն էլ չէին չեղարկի», - նշեց Իոաննիսյանը՝ շարունակելով, - «այսինքն՝ պետք չի առանձին շատ ապատեղեկություններ տարածելով կամ հիմնական խնդրից շեղելով փորձել ինչ-որ օրակարգեր սահմանել: Ես հասկանում եմ, որ իշխանության որոշ ներկայացուցիչներ վաղուց իդեա ունեին հրավառությունները արգելելու, գուցե ճիշտ է, գուցե սխալ է, և միգուցե փորձում են այս առիթն օգտագործել դրա համար, բայց պետք չի հիմնական խնդրից շեղվել, հիմնական խնդիրը նրանում է, որ անվտանգության կանոնները չէին պահպանվել, անվտանգության կանոնների պատշաճ վերահսկողություն չկար, տեսչական մարմինը պատշաճ չէր վերահսկում: Ես չգիտեմ տեսչական մարմինը օրենսդրական լծակներ ուներ, թե դրանք բավարար չէին, բայց ամեն դեպքում ակնհայտ է, որ այստեղ խնդիրներ կան. խնդիրներ կան պետության կողմից իր ֆունկցիաների կատարման տեսանկյունից», - նշեց Իոաննիսյանը:
Իշխող կուսակցության ներկայացուցիչները հիշեցրել են, որ դեռ 2020 թվականից քննարկվող այս հարցը ստացել է կառավարության համաձայնությունը և ուղարկվել Ազգային ժողով, բայց ինչպես Արսեն Թորոսյանն է նկատել, հարցը այդպես էլ ընթացք չի ստացել, քանի որ քովիդի համաճարակը իշխանության առաջնահերթությունները ինքնաբերաբար փոխել է։
Սոցիալական ցանցի գրառումներով Թորոսյանը՝ գործադիրին, Ավինյանն էլ՝ օրեսնդիրին հորդորում են դարձյալ անդրադառնալ հարցին։
Ճարտարապետ Տիգրան Գալստյանը «Ազատության» տաղավարում հրավառության և ճայթուկների վաճառքի արգելքը ծայրահեղ միջոց որակեց, ասաց՝ պետք է շարժվել կանոնակարգելու, ոչ թե արգելելու ճանապարհով։
«Կտրուկ միջոցների գնալուն դեմ եմ, որովհետև կարելի է կանոնակարգել, անվտանգության նորմերն ապահովել, վերահսկել և օգտագործել: «Սուրմալու» շուկան կարող է գործածվել ժամանակակից նորմերին համապատասխան և վերահսկվել», - ասաց Գալստյանը:
Իշխանական պատգամավոր Արսեն Թորոսյանը «Ազատության» փոխանցեց, որ իր գրառմանը ավելացնելու ոչինչ չունի և լրացուցիչ մեկնաբանություններ կտա, երբ կրքերը հանդարտվեն։ Իշխող կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանի հետ կապ հաստատել չհաջողվեց, իսկ իշխանական մյուս պատգամավորները, հղում անելով քրեական գործին, այսօր խուսափեցին խոսել ողբերգական պայթյունի մասին։
Իրավապաշտպանները մինչդեռ նկատում են անհրաժեշտ է, որպեսզի վերանայվի պետական քաղաքականությունը բոլոր տեսակի տեխնիկական ու հակահրդեհային անվտանգության կանոնների պահպանման հարցում։
«Մի քիչ էս ամեն ինչը ավելի ինստիտուցիոնալիզացնելու կարիք կա՝ առհասարակ նաև ոստիկանության և փրկարար ծառայության համագործակցությունը, որպեսզի մյուս դեպքերում ոստիկանությունը կարողանա ավելի հստակ իմանալ, թե ինչ է անում, ում է թողնում, ում չի թողնում, որտեղից է ում թողնում, որտեղից ում չի թողնում: Այս հարցերը ավելի գլոբալ բացեր», - ընդգծեց Դանիել Իոաննիսյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պայթյունի հաջորդ օրը օգոստոսի 15 -ին Երևանի քաղաքապետի, Արտակարգ իրավիճակների նախարարի և Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի հետ այցելել էր դեպքի վայր` առանց կատարվածին հրապարակավ անդրադառնալու: Մինչ այս պահը հստակ չէ նաև հարցի վերաբերյալ որևէ խորհրդակացության-քննարկում կառավարությունում եղել է, թե՝ ոչ։